Խավիեր Կոլոմինա. Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
«Վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության [հաստատման] բանակցություններին և նրանց միջև երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը»,-«Ամերիկայի ձայն»-ին ասել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Նա նշել է՝ այս օրերին կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
«Մենք աջակցում ենք Եվրամիության և Միացյալ Նահանգների ջանքերին, որոնք գործընթացի գլխավոր միջնորդներն են։ Փորձում ենք մեր գործընկերներին մղել ճիշտ ուղի: Իսկ մեզ համար ճիշտ ուղին հարաբերությունների կարգավորումն է, քանզի այն կայունություն կբերի Կովկասում»,-ասել է նա։
Անդրադառնալով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի շահերի մասին հարցին, նա ասել է. «Կովկասը սևծովյան տարածաշրջանի վրա ուղիղ ազդեցություն ունի։ Եվ, ինչպես ասացինք, Մադրիդի ռազմավարական հայեցակարգում, Սև ծովը [ՆԱՏՕ-ի համար] ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան է։ Ուստի, տարածաշրջանում մեր շահն է, որ այն լինի կայուն, քանի որ տարածաշրջանի անկայունությունն ազդում է մեզ վրա»։