Սա խայտառակություն է և վանդալիզմ
Երևանում Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի մուտքի մոտ տեղադրված է հայտնի ճարտարապետի կիսանդրին։ Քանդակագործն է Արտաշես Հովսեփյանը։
Սակայն այսօր թանգարանի առջև տեղադրված այդ կիսանդրին, մասնավորապես պատվանդը այլ տեսք ունի, որը բուռն քննադատության է արժանացել մասնագետների կողմից։
«Էս ինչու՞ են փչացրել պատվանդանը։
Սա գերեզմանական ոճ է, որը տարբեր ձևերով տեղ է գտել քաղաքում։
Եւ լավ յուրացվում է։
Իրականում քաղաքը կորցրել է «բարձր ոճի» ըմբռնումը»,- գրել է ճարտարապետ Կարեն Բալյանը։
«Սա խայտառակություն է և վանդալիզմ։ Փաստորեն, մարդիկ կան իրենց իրավունք են վերապահում մեր իրական վարպետների աշխատանքները «սիրունացնել»։ Բա գնացեք Մաշտոցի արձանի վրա էլ խալի քանդակեք, մի տեսակ դատարկ ա, յախկ, արա»,- արձագանքել է ճարտարապետ Արսեն Կարապետյանը։
«Անհապաղ պետք է խիստ պատասխանատվության կանչել պատվիրատուին և հարթ տաշել մինջև անհետանա և կվերականգնվի.....
Իսկ պատվիրատուի գանգի մեջ եթե ուղեղ կա, զուբիլով ծալքեր ավելացնել »,- գրել է Գևորգ Բալյանը:
Վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանի կարծիքով, պետք է տաշել, մաքրել ամբողջ մակերեսը, մոտ 1,5 սմ խորությամբ։
Թանգարանի նորանշանակ տնօրենը Զարուհի Հայրապետյանն է։ Թամանյանի ծոռ, ճարտարապետ Հայկ Թամանյանը գրում է, որ տնօրենի հետ խոսել էր օրեր առաջ, եկել էին համաձայնության, որ տեղեկատվությունը առանձին մետաղական ոչ բարձր սյան վրա կգրվի, որը կտեղադրվի մոտակայքում. «Նրանք դա արեցին իրենց ձևով, ավելի վատ, ավելի միջակ, ինչպես տապանաքարերի վրա»։
Ճարտարապետ Վրույր Քոչարյանը գրել է. «Թանգարանը ոչ ճարտարապետ տնօրեն ունենալուց հետո։ Երևի ինքը արձանը չի ճանաչել, մտածելա բոլորը նույն իրավիճակում են, ավելի լավա գրեն անուն ազգանունը»։
«Ինչքան հասկացա, ճարտարապետ մեր կոլլեգան իր նախաձեռնությամբ «նվեր» է արել թանգարանին ու քաղաքին, էս ախմախներն էլ ուրախացել են»,- գրել է Արսեն Կարապետյանը։
«Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը շնորհակալագրով է պարգևատրել ճարտարապետ Արեգ Ասրաբյանին և քանդակագործ Տիգրան Վարդանյանին թանգարանին մատուցած անշահախնդիր օժանդակության համար»,- նշված է թանգարանի ֆեյսբուքյան էջում։
Panorama.am-ն այսօր օրվա ընթացքում փորձեց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտից պարզաբանում ստանալ, թե ինչու և ինչպես են որոշել քանդակագործ Արտաշես Հովսեփյանի աշխատանքը փոփոխությունների ենթարկել և ինչպես կարձագանքեն մասնագետների քննադատություններին, սակայն այդպես էլ հեռախոսազանգերին պատասխանող չեղավ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան