Ոգեշնչված եմ՝ հանդիպելով ամերիկահայերի նոր սերնդին, ովքեր պաշտպանում են Արցախի արդարությունը և հայ գերիներին ազատելու անհրաժեշտությունը. Բրեդ Շերման
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի «Լեո Սարգսյան» և «Մարալ Մելքոնյան-Ավետիսյան» կրթական ծրագրերի երիտասարդները ԱՄՆ Կոնգրեսում երկու օրվա ընթացքում հանդիպել և հայկական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկել են Կոնգրեսի ավելի քան 400 գրասենյակների աշխատակիցների։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ քարոզչական բնույթի այս արշավի կիզակետում է եղել Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված և խոշտանգված հայ բանտարկյալների խնդրի ներկայացումը և Կոնգրեսում ադրբեջանական լոբբիին հակազդումը։
Հայ դատի հանձնախմբի երիտասարդները կրում էին վերնաշապիկներ, որոնց վրա պատկերված էին Ադրբեջանի կողմից ապօրինի բանտարկված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության լուսանկարները՝ այդպիսով ուշադրություն հրավիրելով ընդհանուր առմամբ հայտնի քսաներեք գերեվարված անձանց ազատ արձակման խնդրին։ Երիտասարդները ԱՄՆ օրենսդիրներին կոչ են արել ձեռնարկել անմիջական գործողություններ՝ ապահովելու հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև ներքին օրենսդրության կիրառմամբ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար։
Երիտասարդներն այնուհետև ցուցադրական կերպով շարվել և ողջունել են Կոնգրեսի աշխատակիցներին, ովքեր մասնակցում էին Ադրբեջանի դեսպանատան կողմից կազմակերպված ճեպազրույցին՝ այդ կերպ հիշեցնելով Ադրբեջանի հակահայկական ագրեսիայի մասին: Երիտասարդների մոտ առկա էր պաստառ, որի վրա պատկերված էին հայ պատանդների լուսանկարները։ Ադրբեջանական ճեպազրույցը համակարգել էր Ադրբեջանի կառավարության համար ԱՄՆ-ում գրանցված «օտարերկրյա գործակալ» Էզրա Ֆրիդլանդերը, ով, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալների, տարեկան 500․000 դոլար է ստանում Կոնգրեսում ադրբեջանամետ քաղաքականությունն առաջ մղելու համար:
Երիտասարդների հետ հանդիպումից հետո կոնգրեսական Բրեդ Շերմանը X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Ոգեշնչված եմ՝ հանդիպելով ամերիկահայերի նոր սերնդին, ովքեր պաշտպանում են Արցախի արդարությունը և Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալված հայ գերիներին ազատելու անհրաժեշտությունը։ Այս ռազմագերիների թվում է Դավիթ Բաբայանը, ում հետ ես հանդիպել եմ իմ գրասենյակում՝ Ադրբեջանի կողմից նրա անօրինական առևանգումից մեկ տարի առաջ»:
Հայ դատի հանձնախմբի երիտասարդական պատվիրակությունը Կոնգրեսի անդամներին կոչ է արել անհապաղ քննարկել և ընդունել մի շարք կարևոր օրինագծեր, որոնք ուղղված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն և հայ պատանդների ազատ արձակմանը նպաստելուն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան