Փաշինյանը Գերմանիայում է՝ դիտելու Եվրոպայի առաջնության եզրափակիչը
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ: ՀՀ կառավարության հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր: Նշելով, որ ՀՀ կառավարությունը կարևորում է մեր երկրում ֆուտբոլի և ընդհանրապես առողջ ապրելակերպի զարգացումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետությունն այդ նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ աշխատանքներ է տանում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանի ու Վրաստանի ֆեդերացիաները որոշել են դիմել ՖԻՖԱ՝ 2029 թվականին անցկացվելիք Աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ ուժերով անցկացնելու նպատակով: Փաշինյանը հույս է հայտնել, որ համատեղ հայտը կբավարարվի և հավելել, որ ակնկալվում է նաև ՈւԵՖԱ-ի աջակցությունն այդ հարցում:
Ալեքսանդր Չեֆերինը նշել է, որ ՈՒԵՖԱ-ն սերտորեն համագործակցում է ՀՖՖ-ի հետ՝ ի նպաստ մեր երկրում ֆուտբոլի զարգացման ու առաջընթացի: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության ենթակառուցվածքների բարելավման քայլերը եւս նոր ազդակ կհաղորդեն երկրում այս մարզաձեւի առաջընթացին: Ալեքսանդր Չեֆերինը հավելել է, որ ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է Հայաստանի և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությյունն անցկացնելու համատեղ հայտին:
Մտքեր են փոխանակվել նաև Գերմանիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շուրջ:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հրավերով ներկա կգտնվի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին։
Հիշեցնենք, որ այսօր Գերմանիայում՝ Բեռլինի Օլիմպիաշտադիոնում կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը։ Իսպանիայի և Անգլիայի հավաքականների հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին