Մահափորձ՝ Դոնալդ Թրամփի նկատմամբ
Փենսիլվանիայում ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ հնչել են կրակոցներ։
Նրա ելույթն համախոհների առջև տևել է ընդամենը մի քանի րոպե և անսպասելիորեն ընդհատվել է։ Հանկարծ կրակոցներ են լսվել, որից հետո բեմում գտնվող Թրամփը լռել է, ձեռքը մոտեցրել ականջին ու նստել ամբիոնի մոտ։ Թիկնապահները շրջապատել են նրան։
Մի քանի րոպե անց, երբ Թրամփը կրկին հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվներում, անվտանգության աշխատակիցները նախկին նախագահին հեռացնում էին բեմից, նրա աջ ականջը արյունոտ էր։ Թրամփի մամուլի քարտուղարը հայտնել է, որ քաղաքական գործիչը բուժզննում է անցել Փենսիլվանիայի հիվանդանոցներից մեկում։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ վիրավորում է ստացել ականջից և շատ արյուն է կորցրել:
BNO News պորտալի փոխանցմամբ՝ Թրամփն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից։ Նա մտադիր է միանալ Վիսկոնսինում կայանալիք հանրապետականների համագումարին։
Գաղտնի ծառայությունը վերացրել է կրակողին։ Միջադեպի հետևանքով զոհվել է նախընտրական հանրահավաքի մասնակիցը, երկու հոգի ծանր վիրավորվել են։
Associated Press-ը, վկայակոչելով երկրի անվտանգության ուժերի աղբյուրները, հայտնում է, որ ԱՄՆ իրավապահ մարմինները հետաքննում են Թրամփի հանրահավաքում կրակոցները՝ որպես քաղաքական գործչի դեմ մահափորձ։ Գործակալությունից հայտնել են, որ դեպքի վայրում հայտնաբերվել է AR տեսակի ատրճանակ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ աղոթում է Թրամփի ապաքինման համար, սակայն դեռևս չունի բավարար փաստեր՝ կատարվածը քաղաքական գործչի դեմ մահափորձ անվանելու համար։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։
Հետաքննությունների դաշնային բյուրոն ստանձնել է Թրամփի հանրահավաքի հրաձգության հետաքննություն։ Արդեն պարզել է, որ կրակոցների մեջ կասկածվողը 20-ամյա մի երիտասարդ է Փենսիլվանիայից։
ՀԴԲ-ն հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքում հրաձգությունը համարվում է նրա դեմ մահափորձ։
«Մահափորձ է կատարվել մեր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ»,- ճեպազրույցում ասել է ՀԴԲ-ի հատուկ գործակալ Քևին Ռոխակը։
Ռիա նովոստին գրում է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովը հետաքննություն է սկսել Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի առնչությամբ, որի լսումները նախատեսված են հուլիսի 22-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան