Երբևէ չի եղել, որ սփյուռքն այսքան հեռացած լինի հայրենիքից․ Վահագն Մելիքյան
«Սփյուռքն ինքնին շատ բարդ, տարբեր թելերով փոխկապակցված մի օրգանիզմ է, որը ճանաչելու համար պետք է և՛ ներսից լինես, և՛ աշխատած լինես իրենց հետ։ Պետք է հասկանաս ինչու և ինչով են ապրում, պետք է հասկանաս, թե այս նոր անկախացած սերնդի հոսքն ինչու եղավ»,- այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթում ասաց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը՝ խոսելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին։
Նրա խոսքով՝ երբևէ չի եղել, որ սփյուռքն այսքան հեռացած լինի հայրենիքից։
«Ավելի ճիշտ՝ Սփյուռքին այսքան հեռացրած լինեն հայրենիքից։ Սա մի իրավիճակ է , երբ վաղը կարող ենք հասնել մի անդառնալի կետի, իսկ վերադարձ հնարավոր չի լինելու»,- ասաց Մելիքյանը։
Նա հիշեցրեց, որ հայերը միշտ հպարտացել են Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությամբ, սակայն այսօր այդ եռամիասնությունից մնացել է կիսատ, թույլ և տկար մեկ անկյուն՝ Հայաստան։
«Թևերը՝ սփյուռքն ու Արցախը, կտրված են։ Այս դառն իրականությունը միմիայն օրվա իշխանությունների վարած քաղաքականության պատճառով է։ Իրականացվում է ծրագիր։ Սա հստակ է։ Կհիշեք, նախկին արտգործ նախարար կար Թուրքիայում, Ահմեդ Դավութօղլու անուն ազգանունով։ Նա համարվում է նոր ժամանակների Թուրքիայի արտաքին քաղաքակնության ճարտարապետը։ Այս ճարտապետության մեջ անկյունաքարային, առանցքային նշանակություն է ունեցել Հայաստանի հետ հարաբերությունները՝ իմաստավորել սփյուռքի գործոնը։ Այս մարդը կազմել է շատ պարզ նախադասություն․ « Հայաստանի և Թուրքիայի մերձեցման համար Թուրքիային խանգարում է հայկական Սփյուռքը»։ Հետևությունները թողնում եմ ձեզ վրա։ Այսօրվա իշխանությունների ձեռամբ այդ հպարտանալիք գործոնը պետք է չեզոքացվի։ Քանի որ այս վարչակարգը հրաշալի կատարում է օտարների պահանջը, վարում է հակահայ քաղաքականություն, առաջ է քաշում մի նոր տենդենս․ «դուք արեք ձեր գործը, մենք կանենք մեր գործը, չխառնվեք, թե մենք ինչ քաղաքականություն ենք վարում, չմիջամտեք, չքննադատեք, մոտ անգամ չգաք ,եթե չեք ընդունում մեր խաղի կանոները, դուք մնացեք ձեր ցեղասպանության հետ միասին, գնացեք ոնց որ 100 տարի պաշտպանել եք Հայդատը, մեզ մի խառնեք»։ Սա ամենավտանգավորն է և նոր բաժանարար գծեր ստեղծելն է»,- ասաց դեսպանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում գտնվող բանկերը մերժել են բացել «Սրբազան պայքար» հիմնադրամի համար հաշվեհամար․ Բագրատ Սրբազան
- Ոմաց սոցիալական միջոցներով են փորձում ճնշել, ոմաց՝ գործից հանելով․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ