Օլիմպիական խաղերին մասնակցելն ինձ համար մեծ երազանք է եղել. Դավիթ Չալոյան
2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանրքաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:
«Շատ ուրախ եմ, որ կարողացա ուղեգիր ձեռք բերել: Լավ մարզումներ ենք իրականացնում և նախապատրաստվում խաղերին: Լավ տրամադրությամբ եմ մոտենում խաղերին՝ հույսով, որ ամեն ինչ բարեհաջող կստացվի։
Այո, վարկանիշային երեք մրցաշար ենք ունեցել, բայց վերջապես վերջին մրցաշարում կարողացա ուղեգիրը նվաճել: Վնասվածքներ էի ստացել, բայց կարողացա վերականգնվել: Շատ դժվար ճանապարհ ենք անցել մարզիչներիս հետ, բայց, իհարկե, կար լարվածություն. շատ մեծ պատասխանատվություն էր, ու կարողացանք պատվով դուրս գալ:
Օլիմպիական խաղերին մասնակցելն ինձ համար մեծ երազանք է եղել: Շատ լավ եմ տրամադրված»,- ԿԳՄՍ նախարարությանը տված հարցազրույցում ասել է Դավիթ Չալոյանը։
Նա նշել է, որ նախապատրաստվելու համար քիչ ժամանակ ունեն, բայց, կարծում է, կհասցնեն, այժմ աշխատում են հիմնականում տեխնիկայի և տակտիկայի վրա: