Հանրության պահանջով է Թամանյանի կիսանդրին «սիրունացվել». Թամանյանի անվան թանգարանի տնօրենի պարզաբանումը
Հանրության պահանջի հիմքով «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ը քննարկել ու որոշում է կայացրել թանգարանի առջև տեղադրված Ալեքսանդր Թամանյանի կիսանդրին, որի քանդակագործն է Արտաշես Հովսեփյանը, փոփոխությունների ենթարկել։
Panorama.am-ի հետ զրույցում «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Զարուհի Հայրապետյանն ասաց, որ իրենք այդ փոփոխությունն արել են հանրության պահանջով։
«Թանգարանի այցելուները հարց են բարձրացրել, թե ինչու որևէ կերպ չի երևում, որ կիսանդրին Թամանյանինն է։ Եղել են նաև բազմաթիվ զանգեր, պահանջել են գոնե մի նշում լինի, որ ճարտարապետ Թամանյանի կիսանդրին է։ Սփյուռքահայ հայրենակիցներից էլ են եղել արձագանքներ»,- նշեց նա։
Զ.Հայրապետյանի խոսքով, հաշվի առնելով հարյուրավոր հայրենակիցների պահանջը, ձևավորվել է թանգարանային մասնագիտական խորհուրդ, որը տարբեր հարցեր է քննարկել՝ ցուցանակ տեղադրել, թե փորագրություն։
«Ինչո՞ւ ցուցանակի տարբերակը չի ընտրվել այս պահին։ Ունենք ինֆորմացիոն սով, թե որ թվականին է հեղինակն արել քանդակը և մի շարք այլ հարցեր, որոնք անհրաժեշտ են մեզ ցուցանակը կազմակերպելու համար։ Ցուցանակը քայլերի շարունակությունն է»,- իրենց որոշումն այսպես մեկնաբանեց թանգարանի տնօրենը։
Ինչ վերաբերում է հնչած քննադատություններին, թե «մարդիկ կան իրենց իրավունք են վերապահում մեր իրական վարպետների աշխատանքները «սիրունացնել»», «սա խայտառակություն է և վանդալիզմ», «ինչո՞ւ են փչացրել պատվանդանը», նա նշեց, որ կան ինչպես քննադատություններ, այնպես էլ գոհունակություն հայտնող մասնագետներ։
«Կան մասնագետներ, որոնք քննադատում ենք, նաև կան մասնագետներ, ովքեր զանգել ու գոհունակություն են հայտնել։ Նաև հենց քանդակագործի աշխատանքի պահին մոտեցել են շատ այցելուներ և շնորհակալություն հայտնել։ Արտաշես Հովսեփյանի դստեր հետ համաձայնության ենք եկել ու նոր թույլ տվել որևէ աշխատանք նախաձեռնել»,- ասաց Զ.Հայրապետյանը։
Այս «նորության» ճարտարապետն Արեգ Ասրաբյանն է, քանդակագործը Տիգրան Վարդանյանը։ Զ. Հայրապետյանն ասաց, որ հենց ճարտարապետն է կազմել էսքիզը։
«Մեր թանգարանում պատվարժան մասնագետներ են աշխատում, իրենք հրավիրել են, պարոն Արեգ Ասրաբյանն համաձայնել է, ինչի համար շնորհակալ ենք։
Իրենք բարեգործական հիմունքներով, անշահախնդիր օժանդակել են, առանց որևէ գումարի, ինչի համար թանգարանը շնորհակալ է իրենց կատարած աշխատանքի համար»,- ասաց նա։
Նշենք, որ քանդակագործ Արտաշես Հովսեփյանի ստեղծած Ալեքսանդր Թամանյանի կիսանդրու պատվանդի վրա որևէ գրություն, զարդանախշ չի եղել, սակայն այժմ պատվանդանի վրա փորագրված է հանրահայտ ճարտարապետի անուն-ազգանուն ու ներքևի մասում՝ վարդյակ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան