ՀՖԿՍՊԻ շախմատի թիմը՝ Եվրոպական համալսարանական խաղերի բրոնզե մեդալակիր
Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և Արտյոմ Մանուկյանը: Թիմի մարզիչը դոցենտ Երվանդ Հակոբյանն է։
EUG շախմատի առաջնությունն անցկացվել է հուլիսի 10-13-ը Հունգարիայի Միշկոլց քաղաքում։ Շախմատի մրցաշարին 17 երկրների ուսանողական թիմեր են մասնակցել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները Եվրոպական համալսարանական խաղերում պայքարը սկսելու են հուլիսի 18-ից հետո:
Խաղերին մասնակցում են ՀՖԿՍՊԻ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները: ՀՊՏՀ-ի ուսանողները հանդես կգան աղջիկների սեղանի թենիս, իսկ ՀՖԿՍՊԻ ուսանողները՝ պարա սեղանի թենիս և թաեքվոնդո մարզաձևերում:
ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների թիմում ներառված են Մանե Ղազարյանը, Ասյա Պողոսյանը և Հայաստանի անհատական առաջնության չեմպիոն Ռիմա Խլղաթյանը: Մարզիչը ՀՖԿՍՊԻ դասախոս Մեսրոպ Ղուկասյանն է, որն ընդգրկված է նաև Հայաստանի սեղանի թենիսի հավաքականի մարզչական շտաբում:
Պարա սեղանի թենիս մրցաձևում Հայաստանը կներկայացնի ՀՖԿՍՊԻ ուսանող Գևորգ Բեգլարյանը: Նրան կուղեկցի մարզիչը՝ Ռիմա Բեգոյանը:
Թաեքվոնդոյի թիմում ընդգրկված են Հայաստանի առաջնությունների տիտղոսակիր մարզիկներ, միջազգային տարբեր մրցաշարերի մասնակիցներ Մելինե Հովհաննիսյանը և Դավիթ Թորոսյանը:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը՝ որպես համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի անդամ, նշանակվել է ֆուտզալի մրցումների ղեկավար:
Եվրոպական համալսարանական խաղերին մասնակցում են 36 երկրի շուրջ 5000 պատվիրակներ: Մրցաշարն անցկացվում է 20 մարզաձևից: