Դեպի Վրաստան 52-65 մլն դոլարի հավելյալ արտահանման պոտենցիալ ունենք. Հայկազ Ֆանյան
Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն տնօրեն Հայկազ Ֆանյանը գրում է.
«Վերջերս Վրաստանում մասնակցում էինք գերմանական Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի կազմակերպած մի տարածաշրջանային տնտեսական միջոցառման, որի ժամանակ ներկայացրեցինք մեր ուսումնասիրությունը տարածաշրջանում առևտրի պոտենցիալի վերաբերյալ (Scaling up Trade Potential in the South Caucasus):
Մեր կիրառած մեթոդաբանությամբ պարզել էինք, որ դեպի Վրաստան 52-65 մլն դոլարի հավելյալ արտահանման պոտենցիալ ունենք․․․կոնֆերանսին նախորդող երեկոյան մտնում եմ քաղաքի կենտրոնական հատվածի խանութներից մեկը ու դարակաշարերին ինքնաբերաբար սկսում եմ փնտրել հայկական բրենդներ, մոտավորապես այնպես, ինչպես ժամանակին ֆիլմերի տիտրերում փնտրում էինք հայկական ազգանուններ, ցավոք, ոչինչ չգտա, այնինչ այս լուսանկարում առնվազն կարող էին լինել մի քանի որակյալ հայկական ապրանքներ (օրինակ, Grand Candy սև դառը շոկոլադը, Arcolad և այլն)։
Պատկերացրեք մի հայկական միջին արտադրող (50+ աշխատողով), որ Աբովյանում սպառողական ապրանք արտադրի ներքին շուկայի համար ու Վանաձորով ապրանքը տանի Գյումրի, բայց Վանաձորը չդիտարկի որպես թիրախային շուկա, կզարմանաք չէ՞, հավատացեք, գրեթե նույն բանն է Վրաստանի դեպքում՝ մենք մեր ապրանքը Վրաստանով տանում ենք Ռուսաստան, բայց Վրաստանի շուկան անտեսում ենք, այնինչ ունենք մշակութային, լեզվական, սովորութային բազմաթիվ ընդհանրություններ, նույնիսկ ավելորդ է դրանց մասին խոսելը, ավելինք, Վստահաբար կարող եմ պնդել, որ միջինում Թբիլիսիի բնակչի գնողունակությունը ավելի բարձր է, քան Ռոստովինը, Կրասնոդարինը․․․
Ես ինձ համար ունեմ դրա պատասխանը, ժողովրդական լեզվով ասած՝ «հեռու տեղի դհոլի ձայնը» միշտ քաղցր է թվում, այնինչ մեր «քթի տակի» հնարավորությունները չենք տեսնում․․․
Ինչ եմ ուզում ասել՝ քանի դեռ մեր գործարարները բիզնես հիմնելիս, որպես միասնական շուկա չեն դիտարկում նաև Վրաստանը, այդ ուղղությամբ գործուն քայլեր չեն անում, վաղ է խոսելը արտահանման շեշտակի դիվերսիֆիկացիայի մասին․․․ու սա այնպիսի թեմա է, որի առաջամարտիկը պիտի լինեն են գործարարները»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան