«Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքով նախաքննությունն ավարտվել է
«Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ և մի շարք այլ հոդվածներով իրականացվող քրեական վարույթով գլխավոր վարչության քննիչների կողմից կատարված բազմաթիվ քննչական գործողությունների և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ մի խումբ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, խմբի կազմում, 2023 թվականի մայիսին նպատակադրվել են իրականացնել անձի առողջությանը վնաս պատճառելու, կյանքից զրկելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված պայթյուններ, հանրավտանգ այլ արարքներ, զավթել և պահել շինություններ, հաղորդակցության միջոցներ, այդ կերպ ահաբեկել բնակչությանը, դրա առանձին խմբերին, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը, հանրային իշխանության ներկայացուցիչներին, պետական և հանրային ծառայողներին հարկադրել կատարել իրենց պահանջները, այդ թվում՝ դադարեցնել լիազորությունների հետագա իրականացումը:
Խմբի անդամները, իրենց մտադրությունն իրագործելու նպատակով ձեռնամուխ լինելով համապատասխան գործիքներ և միջոցներ ձեռք բերելուն, դրանք հարմարեցնելուն և այլ պայմաններ ստեղծելուն, 2023թ․ մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում, հանցակիցների շրջանակը մեծացնելու նպատակով, փնտրել են առավելապես զինվորական ծառայություն անցած համախոհներ, ինչպես նաև՝ պայթուցիկ սարքեր, նյութեր պատրաստելու համար գիտելիքներ ունեցող անձանց, պլանավորել են ստեղծել խմբեր՝ տարբեր շինությունների, օբյեկտների վրա հարձակվելու համար:
Թիրախավորելով որոշակի ռազմավարական նշանակություն ունեցող շենք-շինություններ՝ խմբի կողմից առանձնակի ուշադրություն է դարձվել այդ շինությունները տևական ժամանակ իրենց վերահսկողության տակ պահելու համար նպաստավոր դիրքավորմանը, իսկ որպեսզի տագնապ առաջացնելուն, հանրավտանգ արարքներին հակազդելուն, դրանք կանխելուն և խափանելուն ուղղված իրավասու պետական մարմինների գործողությունների արդյունավետությունը նվազեցնեն, վերլուծելով և հաշվի առնելով նախկինում կատարված նմանատիպ հանցագործությունների փորձը, որոշվել է հանրավտանգ գործողությունները մի քանի վայրերում կատարել միաժամանակ:
Այնուհետև, ծրագրված հանցավոր գործունեությունն իրականացնելու համար խմբի անդամները կապեր են հաստատել նաև քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց հետ, անխափան կապի ապահովման և իրենց հանցավոր գործողությունների տեղեկատվական ուղեկցման համար հեռահաղորդակցության հավելվածներում ակտիվացրել համապատասխան օգտահաշիվներ, ծրագրել, ինչպես նաև արտերկրում բնակվող մտերիմների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ հանցավոր գործողություններն սկսելու պահին, իրենց ընտանիքների անդամների անվտանգությունն ապահովելու համար, վերջիններիս Հայաստանի Հանրապետությունից տարհանելու վերաբերյալ:
Պայթյունները և հանրավտանգ մյուս գործողություններն առավել արդյունավետ իրագործելու համար մշակվել են ինչպես անօդաչու թռչող սարքերի միջոցով պայթուցիկ սարքը որոշակի բարձրությունից նետելու, այնպես էլ՝ հեռակառավարվող այլ սարքերի կիրառմամբ պայթուցիկ սարքը տրանսպորտային միջոցի, այլ թիրախների տակ մտցնելու և գործարկելու ծրագրեր։
Դրանք իրագործելու նպատակով հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել և փորձարկել անօդաչու թռչող սարք, միջոցներ են ձեռնարկել իրենց տրամադրության տակ եղած տեխնիկական սարքերը, այդ թվում՝ գործարանային արտադրության թռչող սարքը, հանցավոր նպատակների առավել արդյունավետ իրագործման համար հարմարեցնելու, կատարելագործելու, ձևափոխելու և դրա վրա պայթուցիկ սարք տեղադրելու եղանակով այն պայթյուններ իրականացնելու համար պիտանի դարձնելու ուղղությամբ:
Բացի այդ, հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել զինվորական համազգեստ, հանդերձանք, կապի միջոցներ, օպտիկական նշանոց, որսորդական դանակներ և ձեռնաշղթաներ, մշակվել և գրի է առնվել «Հյուսիսային տերևաթափ» վերտառությամբ հանրավտանգ գործողությունների հակիրճ ծրագիր՝ հանցավոր գործողությունները հարձակվելու, նահանջելու և դարանակալելու եղանակով իրականացնելու, հարձակման վայրերում սիմվոլներ թողնելու, բջջային հեռախոսաքարտերի, առաջին բուժօգնության պարագաների ձեռք բերման, ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքերի ստեղծման, թռուցիկներ տարածելու, ընտանիքի անդամներին տարհանելու և այլ գործողությունների մասին։
Հիշյալ փաստաթուղթը հայտնաբերվել է խմբի անդամներից մեկի հագուստի գրպանում:
Վերոգրյալի հետ մեկտեղ, իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, հիշյալ անձինք ձեռնամուխ են եղել նաև ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելուն:
Այդ նպատակով խմբի նշված անդամները, նախնական համաձայնությամբ, նախ միջոցներ են ձեռնարկել՝ հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր ապօրինի իրացնելու հնարավորություն ունեցող անձանց պարզելու ուղղությամբ: 2023թ․ ամռանը հանդիպելով դեռևս անձը չպարզված օտարերկրյա քաղաքացու հետ՝ պայմանավորվածություն են ձեռք բերել վերջինիցս հրազենի և ռազմամթերքի որոշակի խմբաքանակ ձեռք բերելու շուրջ:
Հանցավոր խումբը, իր կամքից անկախ հանգամանքներով, չի կարողացել իրագործել իր հանցավոր մտադրությունը, քանի որ բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Իրավապահ մարմինների աշխատակիցների համագործակցված գործողությունների արդյունքում` 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանցավոր խմբի հինգ անդամներ, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին:
Վերջիններիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 43-335-րդ հոդվածի 2-րդ մասով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանքը:
Որոշում է կայացվել՝ քրեական վարույթից հինգ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատելու մասին, և վերջիններիս վերաբերյալ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին»,- նշում են քննչական կոմիտեից:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան