Հայաստանը շարունակաբար ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ․ Միրզոյան
Հ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՄԱԿ կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող ՀՀ երրորդ կամավոր ազգային զեկույցը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Միրզոյանն իր ելույթում նշել է.
« ... Այստեղ կցանկանայի անդրադառնալ եզրափակիչ, բայց իրականում մեր երկրի համար վերջին տարիների ամենակարևոր նախաձեռնությանը՝ միտված մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը:
Հայաստանն անկեղծորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման գործընթացում՝ հիմնվելով միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքի և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետական սահմանի սահմանազատման վրա։ Գործընթացը ներառում է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ հիմնված երկրների ինքնիշխանության ու իրավազորության, ինչպես նաև հավասարության ու փոխադարձության սկզբունքների նկատմամբ լիարժեք հարգանքի վրա։
Այս պատկերացմամբ Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Այս ծրագիրը նպատակ ունի զարգացնել հաղորդակցությունը Հայաստանի և հարևան երկրների միջև՝ այդպիսով տարածաշրջանի հարաբերությունների ամբողջ տրամաբանությունը հակամարտությունից փոխակերպելով դեպի փոխադարձ շահավետ համագործակցություն։
Հայաստանը շարունակաբար ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման ուղղությամբ, ինչը հաջողության հասնելու պարագայում հասկանալիորեն դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել, որ հիմնվելով երրորդ կամավոր զեկույցի արդյունքների վրա՝ Հայաստանը կշարունակի իր ջանքերը կառուցվածքային սահմանափակումները և խոցելիությունը հաղթահարելու ուղղությամբ: Ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, գենդերային հավասարության առաջմղումը և ամենախոցելի խմբերին հատուկ ուշադրությունը կլինեն մեր ապագա գործողությունների հենասյունը՝ կայուն զարգացման նպատակների իրագործման և 2030 թվականից հետո գործողությունների նախապատրաստման համար»։