Կիրանցում կառուցվող սահմանային պատից այն կողմ ադրբեջանցի սահմանապահներ են նկատվել․ «Ազատություն»
Կիրանցում կառուցվող սահմանային պատի հետևում ադրբեջանցի սահմանապահներ են երևացել։ Այս մասին գրում է «Ազատությունը»։ Բնակիչները պատմում են՝ տեսել են ինչպես են մի քանի սահմանապահներ ու ևս մեկ ականազերծող քայլում այն տարածքում, որտեղ օրեր առաջ կիրանցեցիների տներն էին։
Ինչո՞ւ էին իրենց նախկին տների տարածքում ականներ փնտրում, զարմանում է բնակիչներից Գոհար Վարդանյանը. «Դուրս եկա տնից, տեսա կամրջի վրա քայլում են, գնացի հարևաններից մեկի տուն, իր տնից ավելի պարզ է երևում, սահմանապահներն էին Ադրբեջանի, մեկ ականազերող, ականազերծող սարքով քայլում էին, գալիս էին էն հատված, որտեղ 2 ամիս առաջ ապրում էին Կիրանց գյուղի բնակիչները: Ադրբեջանին հանձնված երկու քանդված տների տարածքով էին քայլում՝ ականազերծող սարքով»:
Մեկ շաբաթ առաջ Ճանապարհային դեպարտամենտը հայտարարեց, թե ժամանակավոր փակում է Կիրանցով անցնող միջպետական ճանապարհը՝ շինարարական աշխատանքների պատճառով։ Բայց այն մշտական փակվեց՝ ճանապարհի լայնքով երեք մետր բարձրությամբ պատի շարունակությունը կառուցվեց։
Դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհի մոտ 800 մետր հատված մնաց սահմանային պատի ետևում։ Դրա փոխարեն Աճարկուտ գյուղով շրջանցիկ ճանապարհ է գործում։ Հենց այդ 800 մետրանոց հատվածում են գյուղացիները տեսել են ադրբեջանցի սահմանապահներին։
«Մինչև վերջ մեզ սահմանապահներն ասում էին, որ չեն գալու պատի հետև, այսինքն, իրենք այդ հատվածում չեն քայլելու, չեզոք տարածք է, չգիտեմ ինչ, բայց փաստ, երեկ իրենք պատից 1 մետր հեռավորության վրա քայլում էին: Այսինքն՝ դպրոցի մուտքից 50 մետր են հեռու, դպրոցի բակից, որտեղ երեխան խաղալու է՝ 30 մետր», - ասել է բնակիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան