Ինչ է կատարվում հեղուկ գազի շուկայում. Տնտեսագետի մեկնաբանությունը
Վերջին շրջանում բենզինի և հեղուկ գազի շուկաներում նկատվում է գների փոփոխություն. հեղուկ գազը թանկացել է (90-ից հասնելով 190 դրամի), բենզինը 20-30 դրամով էժանացել։
Panorama.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, թե ինչով է պայմանավորված մի դեպքում գնի բարձրացում, մյուս դեպքում գնիջեցում, արդյո՞ք այս միտումը կշարունակվի։
Սուրեն Պարսյան-Հայաստանը հեղուկ, դիզել վառելիք ներկրող երկիր է, տեղական արտադրություն չունենք և մեր ներքին գների վրա միանշանակ ազդում է նաև համաշխարհային շուկայում նավթի, գազի գները։ Վերջին ամիսների ընթացքում նկատվում է նավթի գների նվազում, որն, անշուշտ, իր ազդեցությունը պետք է թողնի բենզինի գների վրա։
Պետք է տարբերենք հեղուկ գազի շուկան բենզինի, դիզելային վառելիքի շուկայից։ Բենզինի ու դիզելի դեպքում շուկայում ունենք գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ, որոնք շուկայի մոտավորապես 70-80 տոկոսը տնօրինում են, այստեղ իրենք կարող են իրենց թույլ տալ միասնական գնային քաղաքականություն՝ գները բարձրացնել, իջեցնել։
Իրավիճակը լրիվ այլ է հեղուկ գազի շուկայում։ Այստեղ կային հարյուրավոր կազմակերպություններ, որոնք հեղուկ գազ էին ներկրում։ Մայիսին, երբ որ հեղուկ գազի գինը գազալցակայաններում իջավ՝ հասնելով ընդհուպ նույնիսկ մինչև 30-35 դրամ, այդ օրերին դեռևս նշել էի, որ սա բավականին մտահոգիչ իրավիճակ է, քանի որ սրան հաջորդելու է դաշտի մոնոպոլացումը։ Երբ որ գները իջան, փոքր, միջին հեղուկ գազ ներկրողները սնանկացան, դաշտից դուրս եկան, քանի որ այդ գնով չէին կարող մրցակցել։ Հիմա դաշտում մնացել են խոշորները, որոնք էլ կարողանում են գին թելադրել հեղուկ գազի շուկայում։ Նրանք բարձրացնում են հեղուկ գազի գները շուկայում։
Panorama.am-Հեղուկ գազի շուկայում վերահսկողություն չկա՞։
Սուրեն Պարսյան-Հեղուկ գազի շուկայում վերահսկողություն չկա, քանի որ մինչև այս պահը գերիշխող դիրք ունեցող կազմակերպություն չկա։ Օրինակ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարող է միջամտել հեղուկ գազի շուկայում, եթե, օրինակ, ի հայտ գա կազմակերպություն, որին պատկանում է շուկայի 1/3-ը։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ասում է՝ այս պահին անելիք չունեմ, քանի որ գերիշխող դիրք ունեցող կազմակերպություն չկա։
Բայց ակնհայտ է, որ այսպես բարձրացում-իջեցումների արդյունքում դաշտը մոնոպոլացվում է, դաշտում կմնան մի քանի տնտեսվարողներ, որոնք կվերահսկեն այս շուկան։ Դրան գումարած այն, որ Հայաստանում հնարավորություններ չկան մեծ քանակությամբ հեղուկ գազի պահեստավորման, ի տարբերություն բենզինի, դիզելի։ Օրինակ, ներկրողը բերում է կոնկրետ գազալցակայանի համար ու միանգամից տրամադրում է։ Նույնիսկ պատրաստ է էժան տալ, միայն ավտոմեքենան չմնա կանգնած վիճակում, քանի որ ամեն օրվա համար գումար է վճարում։
Հեղուկ գազի շուկան մոնոպոլացման ընթացքի մեջ է, քիչ հավանական է, որ մոտակա շաբաթվա, ամսվա ընթացքում գնի կտրուկ նվազում կունենանք։
Panorama.am-Իսկ բենզինի գների էլ ավելի նվազում սպասե՞լ։
Սուրեն Պարսյան- Բենզինի գնի իջեցում քիչ հավանական է։ Տատանումներ կարող են լինել, բայց այս պահին կտրուկ տատանումները քիչ հավանական են։
Մանրամասն՝ ձայնագրությամբ։