«Հրապարակ». Երկիրը ծանր վիճակում է, բարձրաստիճան պաշտոնյաները միանգամից ու բոլորով երկարատև արձակուրդ են գնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են միանգամից ու բոլորով
երկարատև արձակուրդ գնալ։ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 10-ն է արձակուրդում: Խոսնակի տեղեկացմամբ, արանքում Լոնդոնում միջոցառման է մասնակցելու, ապա այցելելու է Տավուշ և Արմավիր։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է 20 օրով մեկնել՝ հուլիսի 16-ից օգոստոսի՝ 5-ը։ Նրան հուլիսի 16-22-ը փոխարինելու է փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 5-ը` Հակոբ Արշակյանը։
10 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնել նաև ֆիննախարարը, 9 օրով` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Արձակուրդում է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` մինչև հուլիսի 22-ը:
Հիշեցնենք, որ անցյալում, երբ ՀՀ նախագահներն արձակուրդ էին գնում, առավելագույնը՝ 1-2 շաբաթով, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ամբիոնն էր ճոճում, թե` քա՞ր եք քաշել, որ հանգստանալու եք գնում։ Նա հիմա էլ ընդդիմադիրներին է մեղադրում, որ արտերկիր են մեկնում` հանգստանալու: Իշխանության հրահանգով օդանավակայանում հաճախ նկարում են նրանց, սոցցանցերում տեղադրում, թե երկիրը ծանր վիճակում է, դուք ծով եք գնում:
Ի դեպ, մեր աղբյուրն ասում է, որ Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին մասնակցելն ընդամենը շղարշ է` Փաշինյանն իր մերձավորների հետ որոշել է այս տարի հանգստանալ Մեծ Բրիտանիայում, ավելի կոնկրետ` Շոտլանդիայում, ինչին վերջին ամիսներին եռանդով պատրաստվում էին Բրիտանիայում ՀՀ դեսպանությունն ու այլ կառույցներ: Իսկ աշխարհում, որպես կանոն, երկրի ղեկավարների ամեն քայլը հրապարակվում է, և այդ հանգիստը ֆինանսավորող հանրությունն ամբողջությամբ տեղեկացվում է, թե որտեղ և քանի օր է հանգրվանել պետության ղեկավարը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան