Երևանում շուրջօրյա ջրամակատարարման փոխարեն գրաֆիկ է սահմանվել՝ առանց պաշտոնական իրազեկման
Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների բնակիչներն ահազանգում են՝ շուրջօրյա ջրամատակարարման փոխարեն այլեւս 18 ժամ են ջուր ունենում։ «Վեոլիա Ջուրը» երեկոյան ժամերին անջատում է ջուրը՝ Արարատյանի զանգվածի որոշ բնակիչներ ժամը 23-ից հետո ջուր չեն ունենում, իսկ Արաբկիրում անջատումներն սկսվում են կեսգիշերից։
Ավելին՝ ամառվա այս շոգ եղանակին, առանց զգուշացնելու, երեկ ջուր չեն ունեցել նաեւ ցերեկային ժամերին՝ Արամ Խաչատրյան -Վահրամ Փափազյան փողոցներում, Կենտրոնի որոշ հատվածներում։
«Փաստինֆո»-ին ահազանգած բնակիչներն իրենց վրդովմունքն են հայտնել, թե ջրամատակարարման գրաֆիկի փոփոխության, թե ջրանջատումների և թե այդ ամենի մասին պատշաճ չիրազեկելու կապակցությամբ։
«Վճարումների մասին հիշեցումները պատշաճ ուղարկում են, բայց ջրանջատումների մասին ծանուցումները՝ ոչ», - նկատել է Արաբկիրի բնակչուհին։
«Փաստինֆո»-ն փորձել է հասկանալ, թե ի՞նչով է պայմանավորված ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությունը ու վթարների մեծ աշխարհագրությունն ու պարբերականությունը։
«Վեոլիա Ջուր» ընկերության կայքի ուսումնասիրությամբ պարզեցինք, որ միայն այսօր տեղի է ունեցել 9 վթարային ջրանջատում, որից 5-ը մայրաղաքաի Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ, Աջափնյակ եւ Ավան վարչական շրջաններում, իսկ մյուս 4-ը՝ մարզերում։
Սակայն ընկերությունից հրաժարվեցին հստակ մեկնաբանություն տալ՝ նշելով, համապարփակ պատասխան ծավալների մասով տալ չեն կարող, կարող են միայն պատասխանել , թե ինչու է 24 ժամյա ռեժիմով ջրամատակարարում ունեցող թաղամասում ջուրը դարձել 18 ժամյա գրաֆիկով, եթե փոխանցենք կոնկրետ հասցե։ «Փաստինֆո»-ն որոշ հասցեներ հայտնել է, սակայն մեկնաբանություն առայժմ չկա, իսկ բնակիչներին, վերջիններիս փոխանցմամբ, պատճառաբանել են, որ ջրի ծավալները չեն հերիքում, ուստիեւ ջրամատակարարման նոր գրաֆիկ են սահմանել։
Ջրի սպառո՞ւմն է ավելացել, թե ենթակառուցվածքները պատրաստ չեն մայրաքաղաքում իրականացվող խայտաբղետ կառուցապատումներին, ինչի հետեւանքով խաթարվում է ամբողջ համակարգը, թե ընկերությունն է թերացել ու չի կատարել համապատասխան ներդրումներ՝ արդիականացնելու համակարգը։ Գուցե վերջին երկուսը միասին վերցրած, ինչի հետեւանքով քաղաքային իշխանությունն ու մասնավոր ընկերությունը մեղքը բարդում են միմյանց վրա։
Ի վերջո կառուցապատմուների թույլտվություններ տրամադրելիս պետք է նաեւ հաշվի առնել առկա ենթակառուցվածքների հնարավորությունները, որոնք չափից ավելի ծանրաբեռնելու դեպքում վթարները դարձնում են անխուսափելի, ու ոչ միայն նորակառույց շենքերի բնակիչներին զրկում նորմալ սպասարկումից, այլ նաեւ մյուսների։
Փաստն այն է, որ այսօր մայրաքաղաքի բնակիչները մի մասը ջուր չունի, մյուս մասը՝ հոսանք, մյուսներն էլ ստիպված են «կասկադյորական» հմտություններ դրսեւորել՝ տեղաշարժվելու համար, քանզի ամենուրեք փոսեր են։