Թիթեղը պոկվել է, ծառերն ընկել. Քամու հետևանքները Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 17-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ուժեղ քամուց տանիք է պոկվել և ընկել գազատար խողովակի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ երկաթե թիթեղը պոկվել և ընկել է գազատար խողովակի վրա․ վերջինս վնասվել է, առկա է գազի արտահոսք։
Փրկարարները հեռացրել են երկաթե թիթեղը՝ 50 քմ։ Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը։
Մեկ ահլ ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Փրկարարները մասնատել են ծառը։
Եվս մեկ ահազանգ ստացվել է կեսգիշերն անց։ Շարուրի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ծառն ուժեղ քամուց կոտրվել, ընկել է և խոչընդոտում է երթևեկությունը․ անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհից։