Գործադիրը գումար հատկացրեց Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում ցուցադրելու և հանրահռչակելու համար
Կառավարությունը որոշեց 15 մլն 693 հազար դրամ հատկացնել Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության հանրահռչակման համար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանն ասաց, որ աշնանը պլանավորում են Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ ցուցադրության բացել, որը կարևոր նշանակություն է ունենալու թանգարանային ոլորտի և թանգարանների միջազգայնացման ուղղությամբ։
Նա նշեց, որ իրենք այս պահին հատկացնում են հանրահռչական գումարը. «Լրացուցիչ ծախսեր կան։ Մենք գնացել ենք պետություն-մասնավոր համագործակցության ճանապարհով և անհրաժեշտ մնացած միջոցները, որոնք կապված են ապահովագրման, տեղափոխման ծախսերի հետ, հոգում ենք առանց պետական բյուջեի ներգրավմամբ»։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «Այս տարի լրանում է Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 105-ամյակը և թանգարանի հիմնադիր ղեկավար, անվանի ազգագրագետ Երվանդ Լալայանի ծննդյան 160-ամյակը: Չնայած ավելի քան մեկդարյա պատմությանը՝ դեռևս առկա է այս հեղինակավոր կառույցի գործունեությունն արժևորելու, նոր ձևաչափով ներկայացնելու և բազմաբևեռ զարգացնելու խնդիրը: Թանգարանը Հայաստանում թերևս ամենաակտիվ միջազգային ցուցահանդեսային գործունեություն ծավալող մշակութային կազմակերպություններից մեկն է, որը համագործակցում է այնպիսի հեղինակավոր կառույցների հետ, ինչպիսիք են Նյու Յորքի Մետրոպոլիտենը, Ռուսաստանի Դաշնության Էրմիտաժը, Ֆրանսիայի Լուվրի թանգարանը, Մեծ Բրիտանիայի Բրիտանական թանգարանը, Չեխիայի ազգային թանգարանը, Իտալիայի Վենետիկի Դոժերի պալատը և այլն։ Արդեն ավանդաբար յուրաքանչյուր տարի թանգարանի հավաքածուից մշակութային արժեքներ են ցուցադրվում աշխարհի տարբեր հեղինակավոր թանգարաններում՝ համատեղ ցուցահանդեսների ձևաչափով: Արձանագրված փաստ է, որոնք այդ ցուցահանդեսները մեծ հետաքրքրություն են առաջացնում Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության հանդեպ, բարձրացնում են մեր երկրի վերաբերյալ ճանաչողությունը։ Սակայն, Հայաստանի պատմության թանգարանը դեռևս չունի արտերկրի հեղինակավոր թանգարաններից արժեքավոր ցուցանմուշներ հյուրընկալելու և Հայաստանում այցելուներին ներկայացնելու փորձառություն, ինչը կարևոր և պարտադիր քաղաքականություն պետք է լինի մեր երկրի մայր թանգարանի համար: Իրավիճակը շտկելու ուղղությամբ՝ 2023 թվականից աշխատանքներ են ձեռնարկվել:
2024 թվականին արդեն փաստաթղթային հիմքերի վրա դրվեց Բրիտանական թանգարանի հետ համատեղ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում իրականացնելու ծրագիրը: Առաջին անգամ Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխը ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող տասնյակ տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մայրության թեմային վերաբերող հնագիտական, ազգագրական, դրամագիտական, արվեստի ցուցանմուշների հետ համադրությամբ՝ կցուցադրվի Հայաստանում՝ Հայաստանի պատմության թանգարանում: Այս միջոցառումը նոր համատեքստ կհաղորդի Հայաստանի պատմության թանգարանի 105-ամյա գործունեությանն ու մշակութային, գիտական, կրթական առաքելությանը։
Հայաստանում Բրիտանական թանգարանի հետ կազմակերպվող ցուցահանդեսի կյազմակերպումը բացառիկ մշակութային իրադարձություն է, որին վստահաբար սպասում է հայ հասարակությունը: Այս կարևոր միջոցառումը պատշաճ հանրայնացնելու, հասարակության առավել լայն շրջանակներին հաղորդակից դարձնելու կարևորությունից ելնելով՝ անհրաժեշտ է ցուցահանդեսին ընդառաջ իրականցնել նաև թվային, ֆիզիկական գովազդային արշավ՝ համապատասխան մարքեթինգային գործիքակազմով:
Ցուցահանդեսի հանրահռչակման ազդագրերը կտեղադրվեն Երևանում, իսկ թվային տեխնոլոգիաներով հանրահռչակումը՝ հանրապետության ողջ տարածքով:
Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, ինչը խորհրդանշական է Հայաստանում պետության հետագա զարգացման գործում կանանց ու մայրերի արժեքավոր դերը նորովի է ընդգծելու և վերարժևորելու տեսանկյունից:
Ակնկալվում է, որ ցուցադրության վեց ամիսների ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300 000 այցելու, իսկ հանրահռչակման արդյունքում՝ 800 000 - 1000 000 մարդ տեղեկացված կլինի ցուցահանդեսի մասին»:
Հարակից հրապարակումներ`
- Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
- Անահիտ աստվածուհու գլուխն ու ձեռքը Հայաստան կբերվի սեպտեմբերին
- Անահիտ աստվածուհու կիսանդրու ցուցադրման կազմակերպման հետ կապված աշխատանքները շարունակվում են. Պատմության թանգարան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան