Մարիա Գաբրիելյանն ընտրվել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր
Սիրիայի բարձրագույն դատական կոմիտեի (ընտրական հանձնաժողովի) ղեկավարն ամփոփել է Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) պատգամավորների՝ հուլիսի 15-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքները։ ՏԱՍՍ-ի հաղորդմմամբ, խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 38,16 %:
Սիրիայում իշխող Առաջադիմական ազգային ճակատը՝ Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության գլխավորությամբ, պահպանել է օրենսդիր մարմնում տեղերի մեծամասնությունը՝ 184, անկախ պատգամավորներն ստացել են 66 տեղ:
«Գանձասարը» հայտնում է, որ Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Հալեպից սիրիահայության միասնական թեկնածու Մարիա Մանուկ Գաբրիելյանը։
Մարիա Մանուկ Գաբրիելյանը Սիրիայի խորհրդարանի օրենսդրական 4-րդ նստաշրջանի ընտրությունների արդյունքով ընտրված միակ հայ պատգամավորն է։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրել է. «Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր է ընտրվել հայազգի Մարիա Գաբրիելյանը։ Մարիան շուրջ 20 տարվա իմ լավ բաերկամը և կուսակցական ընկերն է։ Մարիայի մասին շատ կարելի է խոսել։ Նա սիրիական պատերազմի օրերին մնաց Սիրիայում հայ համայնքի կողքին, հալեպահայության դժվարին տարիներին մշտապես եղավ համայնքի ձայնը, իր ամենօրյա լրատվությամբ աշխարհի հայությանը ներկայացրեց դեպքերի զարգացումները, մեր համայնքի մաքառումն ու առօրյան։
Մարիայի հետ միասին մասնակցել ենք Դաշնակցության ուսանողական միությունների հավաքներին, բանակումներին, որոնց ընթացքում շատ ենք խոսել մեր պատկերացրած հզոր հայրենիքի, կազմակերպված և ուժեղ Սփյուռքի, Հայաստան- Սփյուռք ամուր կապերի մասին։
Այդ օրերին դժվար էր պատկերացնել, որ տարիներ անց դժվարին այս փորձության օրերին լինելու ենք երկու խորհրդարանների պատգամավորներ և արդեն այս կարգավիճակով փորձելու ենք նպաստել և՛ Հայրենիքում, և՛ Սիրիայում մեր հայրենակիցների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։
Սրտանց շնորհավորում և հաջողություն եմ մաղթում ընկերուհի Մարիային, վստահ եմ, որ նա իր էներգիայով, գիտելիքներով, աշխատասիրությամբ իր մեծ նպաստն է ունենալու Հայաստան- Սիրիա հարբերությունների զարգացման և ամրապնդման գործում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան