Արմինե Օհանյան. Իշխանության պարկեշտ ներկայացուցիչը կխուսափեր իր լայն ժպիտը, չպատճառաբանված երջանկությունն ի ցույց դնելուց
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ու կնոջ վոյաժներին, գրում է.
«Մարդիկ ծնվում են տակտի զգացումով, նրբանկատ, տարբեր իրավիճակներում ճիշտ վարքի գիտակցումով կամ` այդ բոլորի բացակայությամբ: Նույնիսկ սովետական տարիներին, երբ շատ մեծ չէր սոցիալական խզումը, կային մարդիկ, որոնք, օրինակ, հասկանալով, որ ոչ բոլորն են ի վիճակի խորոված անել, ձեռնպահ էին մնում անգամ իրենց բակի մանղալում խորոված անելուց, որ հոտը չտարածվի այն հարևանների տներով, որոնք դրա հնարավորությունը չունեն:
Թվում է` մեծ բան չէր, բայց սիրուն էր ու նրբանկատ: Այնպես, ինչպես երբ բազմաբնակարան շենքում մարդ է մահանում, մարդիկ խուսափում են քեֆ-ուրախություններից, հարսանիք ու կնունք են հետաձգում` հարգելով հարևանի վիշտը:
Հիմա, երբ ավելի է սրվել սոցիալական, գույքային անհավասարությունը, և դրան այլ իրողություններ էլ են գումարվել, մենք պարտավոր ենք ավելի նրբանկատ լինել մարդկանց նկատմամբ: Անգամ եթե 2020 թվականից տարիներ են անցել, բայց մեզանում սգավոր ու դժբախտ մարդիկ կան, որոնք իրենց թանկ կորուստները չեն կարողանում մոռանալ, մենք պարտավոր ենք հարգել սևազգեստ ծնողների վիշտը: և հատկապես նման պարտավորություն ունի իշխանությունը, որի մեղքը մեծ է այդ կորստի հարցում:
Իշխանության պարկեշտ ներկայացուցիչը կխուսափեր իր լայն ժպիտը, գոհ դեմքն ու չպատճառաբանված երջանկությունն ի ցույց դնելուց, երբ իր պաշտոնավարման ընթացքում նման աղետներ են պատահել իր կառավարած երկրում, և այդքան մարդ է տառապում:
Կխուսափեր իր արտերկրյա վոյաժները ցուցադրելուց, անգամ եթե այդ վոյաժները ոչ թե հարկատուների հաշվին են, այլ իր արդար քրտինքով:
Պարկեշտ իշխանավորը չէր սպառնա իր քաղաքացուն, թե` «հողը չտանք, Ադրբեջանը պատերազմ կսկսի», իսկ դրանից մի քանի ամիս անց` մեկ ամսով արձակուրդ չէր մեկնի»։
Իշխանության պարկեշտ ներկայացուցիչը կխուսափեր իր լայն ժպիտը, գոհ դեմքն ու չպատճառաբանված երջանկությունն ի ցույց դնելուց,
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին