Բուհերում թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր
ԳԹԿ-ն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին: Այս մասին հայտարարել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստի ժամանակ։
Հիշցնենք, որ 2023/2024 ուստարվա դիմորդները հնարավորություն են ունեցել ընդունելության միասնական քննություններ հանձնել 2 անգամ՝ համաձայն ՀՀ կառավարության 597-Ն որոշմամբ սահմանված կարգի: Ըստ այդմ` միասնական քննությունների առաջին փուլը կազմակերպվել է հունվարին, իսկ երկրորդ փուլի քննություններն անցկացվել են հունիս, հուլիս ամիսներին:
Արմեն Փաշայանը տեղեկատվություն է ներկայացրել բուհերին հատկացված պետական պատվերով և վճարովի տեղերի համալրման վերաբերյալ՝ նշելով, որ թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր:
Ընդհանուր տվյալներին ծանոթանալով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ թափուր մնացած տեղերի պատկերը մտահոգիչ է:
«Անընդունելի է, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ: Դա նշանակում է՝ տեղերի պլանավորումը և բաշխումը ի սկզբանե ճիշտ չեն արվում: Կարծում եմ՝ պետությունն այս առումով պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի: Բուհերը, աշխատելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ, պետք տեղերի նպատակային և իրատեսական պլանավորում կատարեն՝ հատկապես վճարովի տեղերի ճիշտ բաշխման մասով»,- ասել է նա՝ հավելելով, որ իրատեսական պլանավորումը շահեկան է նաև բուհերի համար:
Ընդունող հանձնաժողովի նիստում քննարկվել է նաև թափուր տեղերի մրցույթի կազմակերպման հարցը: ԳԹԿ տնօրենի տեղեկացմամբ՝ 444 դիմորդներ չեն հայտագրել բուհը և մասնագիտությունը, հետևաբար նրանք մրցույթին չեն մասնակցել. ըստ կարգի՝ երկրորդ փուլի հայտագրման ժամանակ դիմորդը պետք է նշեր բուհը և մասնագիտությունը:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը քննարկել է թափուր տեղերի մրցույթի կազմակերպման հարցը, որի մասին պաշտոնական հայտարությունը նախատեսվում է հրապարակել սահմանված ժամկետներում: Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել դրական միավորներ ունեցող դիմորդները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան