ՄՊՀ նախագահը՝ հեղուկ գազի թանկացման և բենզինի էժանացման մասին
«Հեղուկ գազի շուկայում բորսայի գները բարձրացել են, ընդհանրապես աշխարհում ներկրվող ապրանքի գները բարձրացել են, այդ իսկ պատճառով նաև մեր ներքին շուկայում են գները բարձրացել»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նա նշեց, որ վերջին թարմացված տեղեկատվությամբ արդեն հեղուկ գազ ներմուծող ընկերությունների քանակը 98 է դարձել, որևէ մեկի մասնաբաժինը 10 տոկոսը չի գերազանցում։
«9-10 տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինը 4-5 տոկոսի մեջ է, մնացածներն ավելի փոքր են։ Սա մեկ հերքում, որ փոքր տնտեսվարող սուբյեկտները դուրս են եկել, դրա համար է թանկացել հեղուկ գազը։ Տնտեսվարող սուբյեկտների քանակը բավականին շատ է և շուկան ցածր կենտրոնացաված է։ Ուղղակի մենք տեսել ենք, որ բորսայում գները բարձրացել են»,- ասաց Գ.Գևորգյանը։
Այնուհետև նա նշեց. «Բացեք օրենսդրությունն ու կարդացեք, տեսեք՝ գրա՞ծ է, որ ցածր կենտրոնացված շուկայում դուք կարող եք գին թելադրել։ Իսկ ձեր ուզածն ի՞նչ է, որպեսզի մենք սկսենք գին սահմանել, կանչենք տնտեսվարողին, ասենք՝ դու 120 դրամով առնում ես, արի 50 դրամով ներքին շուկայում գազ վաճառի՞։ Եվ կվաճառի՞ այդ տնտեսվարող սուբյեկտը»։
Ինչ վերաբերում է բենիզնի շուկաին, որտեղ գների նվազում է նկատվում, Գ.Գևորգյանն ասաց, որ գործընթաց է ընթանում, շուտով կավարտեն։
«Կարծում ենք՝ այնտեղ առերևույթ չարաշահում եղել է։ Առերևույթ բառը շեշտում եմ։ Բայց վերջնական որոշում չկա, որպեսզի հստակ ասենք»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։