«Ժողովուրդ». Նոր Սահմանադրության նախագծի շուրջ ակտիվ քննարկումները շարունակվում են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ նոր Սահմանադրության նախագծի շուրջ ակտիվ քննարկումները շարունակվում են: Երեկ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հերթական նիստն է արել, որին մասնակցել են արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և խորհրդի այլ անդամներ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը վստահեցրել է. «Նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրի հղումը հանել-չհանելու հարց մինչև օրս չի քննարկվել»: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն առաջարկում է հրաժարվել ընտրություններից հետո խորհրդարանում կայուն մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջից: ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հիմնական դրույթներից մեկն էլ հենց «կայուն մեծամասնության» վերաբերյալ հոդվածից հրաժարվելն է: Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով, և ընտրական օրենսգրքով երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը՝ տեղերի 54%-ը:
Օրենսդրության համաձայն, եթե ընտրությունների արդյունքում կամ քաղաքական կոալիցիայի ձևավորման միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է ընտրությունների երկրորդ փուլ անցկացվել: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մշակել է հայեցակարգ, որով առաջարկվում է պահպանել կառավարման խորհրդարանական մոդելը, բայց հանել կայուն մեծամասնության հոդվածը և ներդնել սովորական՝ համամասնական ընտրակարգ, որտեղ ընտրությունների երկրորդ փուլ չի նախատեսվում։ Ի դեպ, Երևանում հուլիսի 1-ին՝ Ժողովրդավարության հայկական երրորդ համաժողովի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՔՊ-ն ևս կողմ է կայուն մեծամասնություն ձևավորելու պահանջից հրաժարվելուն: Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու, քանի որ այս գործընթացը դեռ անցնելու երկար փուլեր ունի. նախ ԱԺ-ում պետք է քննարկվի, այնուհետև դրվի հանրաքվեի։ Մեկ անգամ ևս արձանագրենք, որ որքան էլ իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է և որևէ այլ երկիր չի կարող միջամտել, բայց Նիկոլ Փաշինյանը Հայաստանի մայր օրենքը «սրբագրելու» գործին ձեռնամուխ եղավ հենց Ալիևի հոխորտանքներից հետո»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան