Սննդագետի ահազանգը. Բոլորս ուտում ենք թունաքիմիկատներով խնձոր ու լոլիկ
Ռոսսելխոզնադզորը պարզել է, որ այս տարվա ապրիլի-հունիս ամիսներին Հայաստանից Ռուսաստան ներկրվող խնձորում ու լոլիկում պեստիցիդների առավելագույն թույլատրելի քանակը գերազանցված է։ Ռուսական պետական մարմնի ղեկավարը Հայաստանի ՍԱՏՄ ղեկավարին այս հարցի վերաբերյալ մտահոգություն է հայտնում ու տեղեկացնում, այդ ապրանքների ներմուծման դադարեցման մասին։
Հայաստանյան տեսչական մարմինը դեռ չի մեկնաբանել այս նամակն ու դրա մեջ արծարծվող խնդիրը։
Այս տարվա փետրվարին ՍԱՏՄ-ն հայտնել էր, որ 2019 թվականին 13 մշակաբույսերի հետազոտությունները ցույց են տվել, որ պեստիցիդների 10 տեսակի ազդող նյութերի քանակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի չափաբաժինը խնձորի, դեղձի, ծիրանի, խաղողի, կեռասի, սալորի, ծիրանի, լոլիկի, վարունգի, տաքդեղի, սմբուկի, ձմերուկի, կարտոֆիլի, սեխի, ոլոռի և լոբու նմուշներում։
Առավել խնդրահարույց է եղել խաղողը, որի նմուշներում, ազդող նյութերի պարունակության նկատմամբ փորձաքննությունների արդյունքում, արձանագրվել է շեղման 24 դեպք: Մյուսը խնձորն է, որի նմուշներում արձանագրվել է շեղման 15 դեպք, ինչպես նաև սալորը, որի բոլոր նմուշներում արձանագրվել են շեղումներ թիրախային բոլոր ցուցանիշներից:
2021 թվականի 14 մշակաբույսի ուսումնասիրություններով՝ պեստիցիդների արդեն 34 ազդող նյութի ավելցուկ է հայտնաբերվել:
«Սա ֆերմերների և հողօգտագործողների կողմից վարվող ոչ ճիշտ գյուղատնտեսության արդյունք է»,-նշել էին ՍԱՏՄ-ից։
Ինչո՞ւ մի քանի տարի շարունակ չի հրապարակվել այս կարևոր տեղեկատվությունը, ի՞նչ քայլեր է ձեռնարկել տեսչական մարմինն այս արդյունքները պարզ դառնալուց հետո։
Panorama.am-ի հարցերին ի պատասխան այս տարվա մարտին ՍԱՏՄ-ից գրավոր հայտնել են.
«Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների նպատակը եղել է հանրապետությունում պեստիցիդների օգտագործման ընթացիկ պատկերին ծանոթանալը: Հետազոտությունների արդյունքները ներկայացվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ որպես գյուղատնտեսության ոլորտը կարգավորող լիազոր մարմին։ Իսկ այն տնտեսավարողներին, որոնց կողմից աճեցված մշակաբույսերում հայտնաբերվել են պեստիցիդների ազդող նյութերի պարունակության սահմանված թույլատրելի չափաքանակների գերազանցման դեպքեր, Տեսչական մարմնի մասնագետների կողմից տրվել է խորհրդատվություն»։
Panorama.am-ի հետ զրույցում Տեսչական մարմնի այս պատասխանը սննդագիտության դոկտոր, ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը խայտառակություն ու ծիծաղելի, ինչպես նաև ինքնախոստովանական ցուցմունք որակեց, ինչից հետո պետք է այդ կառույցի դռները պետք է մեկ օր առաջ փակեն ու տուն գնան։
«Միայն Հայաստանում լիազոր մարմինը կարող է ուրախ-զվարթ հայտարարել, որ դուք վտանգավոր սննդամթերք եք ուտում, ասի ու գնա, իբր ինքը դրանում դեր ու մեղք չունի։ Որպես սննդի անվտանգության ռիսկի գնահատման մասնագետ հայտարարում եմ՝ Հայաստանում արտադրվում է միրգ և բանջարեղեն, որը հաճախ վտանգավոր է ու պարունակում է թունաքիմիկատների քանակներ, ոլորտն ընդհանրապես չի վերահսկվում, ընդհանրապես։ Պետական վերահսկողությունից դուրս միրգն ու բանջարեղենը մտնում է շուկաներ, սուպերմարկետներ, մանկապարտեզներ»,-ասաց սննդագետը՝ ընդգծելով, որ սա հանգեցնում է հանրային առողջապահական լրջագույ ռիսկերի։
Պիպոյանն ընդգծեց՝ ՍԱՏՄ-ից նշում են, որ Տեսչական մարմնի մասնագետների կողմից տրվել է խորհրդատվություն. «Սա նույն է, որ մարդասպանին պատժելիս բավարարվեն խրատադաստիարակչական աշխատանքով։ Նրանք հայտնաբերել են վնասակար պտուղ-բանջարեղեն, որը շուկայից հետ չի հավաքվել։ Հետագծելիության սկզբունքով իրենք պետք է հասկանային, այդ վնասակար բանջարեղենն ու պտուղը որտեղ է գնացել՝ վերամշակմա՞ն, թե՞ շուկա, մանկապարտեզներ։ Դրանից հետո լիազոր մարմինը պետք է իրականացներ ռիսկի գնահատում՝ հասկանալու, թե նշված թունաքիմիկատների դեպքում որքա՞ն է հանրային առողջապահական ռիսկը, կա՞ քաղցկեղածին ռիսկ։ Սա բնականաբար ՍԱՏՄ-ն չէր իրականացնի ռիսկի գնահատման լիազոր մարմին էլ չկա։ ՍԱՏՄ-ն ուսումնասիրություն է արել 2019-ին և 2021-ին, հանրային առողջապահական լրջագույն ռիսկերը հանրությունից թաքցնում է, արդյունքները հրապարակում է այն ժամանակ, երբ այդ մթերքն առկա չէ, օգտագործվել է»։
Պիպոյանը հայտրարում է, որ Հայաստանում բոլորն ուտում են թունաքիմիկատներով լոլիկ, խնձոր ու այլ միրգ-բանջարեղեն։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան