Սպանություն Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցում
«Սևան ԲԿ» ՓԲ ընկերությունից հուլիսի 17–ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով, ներքին արյունահոսությամբ, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 37 և 56–ամյա, ինչպես նաև Կոտայքի մարզի 41–ամյա բնակիչները։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հիշյալ անձանց հրազենային վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրի բակից ձերբակալվել և ոստիկանության բաժին են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչները։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 19–ամյա երիտասարդը և 40–ամյա տղամարդը, մի խումբ անձանց հետ, հանգստանալիս են եղել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրում, որտեղ վիճաբանության մեջ են մտել նշված վայր հաճախած՝ Սևան քաղաքի 37 բնակիչ, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչ տղամարդկանց և Երևան քաղաքի 36–ամյա բնակիչ կնոջ հետ։
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում հնչել են անկանոն կրակոցներ, ինչի հետևանքով Սևանի 37-ամյա, Աբովյանի 41-ամյա բնակիչները, ինչպես նաև նշված հյուրանոցային համալիրի անվտանգության 56-ամյա աշխատակիցը ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ։
2024թ.-ի հուլիսի 18-ին՝ ժամը 06։40-ին, «Սևան» ԲԿ-ից հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի 37–ամյա բնակիչը, որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից գիտակցության չգալով, մահացել է։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչներին ձերբակալելու մասին։
Քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են պարկուճներ, դեֆորմացված գնդակի նմանվող դետալներ, արնանման հետքեր, հայտնաբերվել և առգրավվել են նաև երկու ատրճանակներ՝ փամփշատուփում փամփուշտներով։ Առգրավվել և զննության է ենթարկվել նաև հիշյալ դեպքը տեսանկարահանող սարքը։
Վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է քրեական վարույթի համար էական նշանակության հանգամանքներ պարզելու, ինչպես նաև տեղի ունեցած դեպքին մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու վերաբերյալ հանձնարարություն։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: