Լոնդոնից իրարամերժ հայտարարություններ ենք լսում, ըստ երևույթին, խնդիրը հանդիպման օրակարգն է եղել. Քաղաքագետը՝ Փաշինյան-Ալիև չկայացած հանդիպման մասին
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Լոնդոնից իրարամերժ հայտարարություններ ենք լսում: Ադրբեջանական կողմը մեղադրում է Հայաստանին, որ հրաժարվել է Ալիև-Փաշինյան հանդիպումից, հայկական կողմը հանդիպումից հրաժերվելու մեջ մեղադրում է Ադրբեջանին:
Ըստ տրամաբանության, կողմերից մեկը ստում է: Իմ կարծիքով, երկու կողմ էլ ճիշտ են ասում: Մենք, բնականաբար, չենք տիրապետում մանրամասներին, սակայն փորձենք հասկանալ տրամաբանությունը:
Հանդիպման նախաձեռնությունը Բրիտանական կողմինն է եղել և, բնականաբար, պետք է բրիտանական օրակարգով այն կայանար:
Բրիտանիան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիարդների ներդրումներ ունի Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում, հիմնականում հանքարդյունաբերական ոլորտում, և պետք է շահագրգռված լինի Միջին Միջանցքի հարցով, այսինքն Հայաստանը հրաժարվի սուվերեն վերահսկողությունից Սյունիքի ռեգիոնում, ինչը նաև Ադրբեջանի պահանջն է:
Կարելի է ենթադրել, որ Հայաստանի պատվիրակությունը հրաժարվել է այդ օրակարգից և առաջարկել է հանդիպել այլ օրակարգով, Ադրբեջանը հրաժարվել է օրակարգը փոխել և ցանկացել է հանդիպել բրիտանական օրակարգով: Արդունքում միմյանց մեղադրում են հանդիպումից հրաժարվելու մեջ: Ըստ երևույթին, խնդիրը հանդիպման օրակարգն է եղել»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լոնդոնում են՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի։ Այսօր նախ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպել Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում։
«Հենց բրիտանական կողմն է առաջարկել հանդիպման անցկացումը, և Հայաստանի վարչապետի կողմից հանդիպումից հրաժարումը համարում ենք նահանջ խաղաղության օրակարգից», - ասել էր Ալիևի օգնական Հաջիևը։
Այնուհետև արդեն ՀՀ ԱԳն-ն հայտարարեց. «Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիև հանդիպում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է. ՀՀ ԱԳՆ
- Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում հանդիպել Ալիևի հետ. պնդում է ադրբեջանական կողմը