Տեղի է ունենում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի դատը՝ խափանման միջոցը փոխելու ՔԿ-ի պահանջով
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի է ունենում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի դատը։
Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Դավիթ Սարգսյանի տնայլին կալանքը փոխել վարչական հսկողություն խափանման միջոցով, որը ենթադրում է խսիտ սահմանափակումներ։
«12 ժամ արգելում են տունը լքել՝ ցերեկային ժամերին։ Սա քողարկված տնային կալանքի միջնորդություն է։ Հաջորդն ՝ արգելվում է այցելել զվարճանքի վայրեր, շփվել Ստեփանակերտի քաղաքապետարանում աշխատած անձանց հետ և այլն»,- այս մասին երեկ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանն՝ ընդգծելով, որ այս գործը մաքուր քաղաքական գործ է։
«Նպատակն է հնարավորինս շատ ցավեցնել ամեն ինչ կորցրած մարդուն, որը եկել է Երևան մի տուն է վարձում և իր մեծ ընտանիքով ապրում է»,- ասաց նա։
Ընդամենը երեք օր առաջ փաստաբան Ռոման Երիցյանը հայտնեց, որ Դավիթ Սարգսյանն այլևս ազատության մեջ է։
«ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։
Հիշեցնում եմ, որ իր մեկ այլ որոշմամբ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև քաղաքապետի քսանօրյա կալանավորումը։
Լրացում. Փաստորեն 1 ամիս և 20 օր Դավիթ Սարգսյանն ապօրինի զրկված
էր ազատությունից, որից 20 օրը՝ բանտային, իսկ 1 ամիսը՝ տնային կալանքի տակ»,- գրել էր նա։