Նկարիչների միությունում բացվեց Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդես. «Հաղթո ջան, իսկապես ներկայացված է արվեստ»
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի (Հաղթո) 80-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված են գեղանկարչի տարբեր տարիների աշխատանքներ, ինչպես նաև ներառված են նոր գործեր, որոնք դեռևս չեն ցուցադրվել։
Panorama.am-ի հետ զրույցում Հաղթանակ Շահումյանն ասաց, որ ներկայացված է շուրջ 60 տարվա ընթացքում ստեղծած գործերը։
«Այս ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների մեծ մասը հիմնականում մեր երկրում, մեր հանրությանը մտահոգող խնդիրների շուրջ է, այդ ուղղվածությունն ունեն։ Կան պեյզաժներ, բայց անգամ պեյզաժների մեջ ինձ թվում է փորձել եմ արտահայտել այն, ինչ կա մեր սրտում, մեր սպասելիքները։
Մարդը ծնված օրվանից լավ ապագայի հույսեր ունի։ Մենք ունենք խնդիրներ, որոնք մեր սրտով չեն, բայց վստահ եմ, որ մեր միասնության շնորհիվ կկարողանանք հաղթահարել ցանկացած դժվարություն։ Չարենցն իզուր տեղը չի ասել և արժի բոլորս դա հիշենք։ Իմ նկարներում կա նաև Չարենցի այդ խոսքը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»»,- ասաց վաստակավոր նկարիչը։
Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը Հաղթանակ Շահումյանին մաղթեց անսպառ էներգիան, որ ունի իր մեջ նկարիչը, հանուն արվեստը չպակասի, արարի ու ստեղծագործի երկար տարիներ։
ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի համոզմամբ՝ բացված ցուցահանդեսը հաղթանակի ցուցահանդես է. «Այս ցուցահանդեսը ոչ թե միայն տաղանդավոր նկարչի, նաև տաղանդավոր քաղաքացու, հայրենասեր մարդու մասին է վկայում»։
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով, Հաղթանակ Շահումյանն ամեն ցուցահանդեսում նորովի է ներկայանում, իր գունաոճային աշխարհը թարմացրած։
ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի գնահատմամբ, ցուցահանդեսում բառիս բուն իմաստով ներկայացված է արվեստն իր բոլոր դրսևորումներով. «Հաղթո ջան, իսկապես հրաշք աշխատանքներ են։ Փառահեղ են կատարողականով։ Նայում ես ու զգում՝ այս ինչ ուժ ու եռանդ է մխրճվել կտավի մեջ»։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 27-ը ներառյալ։
Մանրամասն՝ տեսանյութում։