Օպերային երիտասարդ աստղերն ուրախ և հպարտ են, որ ելույթ կունենան Հայաստանում Գոհար Գասպարյանին նվիրված համերգին
«Մեծ պատիվ է հայ ազգի համար, որ ունեցել է ֆանտաստիկ երգչուհի, օպերային արտիստ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է։ Մենք բոլորս իր ժառանգներն ենք։ Ուրախ և հպարտ եմ, որ հնարավորություն ունենք մեր մեծերի ստեղծածը զարգացնել ու ներկայացնել ողջ աշխարհին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց տենոր Լիպարիտ Ավետիսյանը։
Նա և համաշխարհային օպերային աստղերը հուլիսի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հանդես կգան Պուչչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարմամբ, որը նվիրված է «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանի 100-ամյակին:
Լ.Ավետիսյանի խոսքով, իսկապես տոն է, որ ընկերներով, մաեստրո Թոփչյանի գլխավորությամբ, ելույթ են ունենալու Հայաստանում ու ներկայացնելու են «Բոհեմ»-ը։
Լիպարիտ Ավետիսյանի հետ հայաստանյան բեմում հանդես հանդես կգան օպերային այնպիսի աստղեր, ովքեր զարդարում են Լոնդոնի Թագավորական Քովեթ Գարդենի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական և այլ հեղինակավոր օպերային թատրոնների բեմերը՝ սոպրանոներ Քրիստինա Մխիթարյանը (Միմի), Նինա Մինասյանը (Մյուզետ), տենոր Լիպարիտ Ավետիսյանը (Ռուդոլֆո), բարիտոններ Գուրգեն Բավեյանը (Շոնար), Բոգդան Բաչուն (Մարչելլո) և բաս Եվգենի Ստավինսկին (Քոլեն):
Քրիստինա Մխիթարյանը թեև մի քանի անգամ եղել է Հայաստանում, սակայն առաջին անգամ է ելույթ ունենալու հայրենիքում։
«Ինձ շատ դուր է եկել համերգասրահը, նվագախումբը։ Կարծում եմ՝ հիանալի համերգ է լինելու»,- ասաց Ք.Մխիթարյանը։
Նա նշեց, որ իր համար դերը նոր է, նախատեսում է անգիր ելույթ ունենալ։
«Առաջիկայում Մետրոպոլիտենում եմ ելույթ ունենալու ու կրկին Միմիի դերերգով։ Այն արդեն օպերային կատարում է լինելու։ Համերգային կատարումն ավելի բարդ է, իսկ ներկայացման մեջ դու փոխհամագործակցում ես գործընկերոջդ հետ, ինչն ավելի է հեշտանցնում հիշել բառերը, ելույթ ունենալը»,- ասաց Ք.Մխիթարյանը։
Սոպրանո Նինա Մինասյանի ներկայացմամբ, Գոհար Գասպարյանն իր տեսակի մեջ միանշանակ շատ յուրահատուկ երգչուհի է, ով զբաղեցնում է յուրահատուկ տեղ։
«Ուրախ եմ իրականում, որ հիշվում է մեծ երգչուհին։ Նա կարողացել է երկաթյա վարագույրի բարդ շրջանում դուրս գալ ԽՍՀՄ տարածքից ու մեծ ճանաչում ձեռք բերել ողջ աշխարհում։ Մեծ պատիվ է ինձ համար, ուրախություն, որ իր 100-ամյակին նվիրված կարող եմ ելույթ ունենալ Երևանում նման հիանալի կազմով ու մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ»,- ասաց Ն. Մինասյանը՝ նշելով, որ իր համար «Բոհեմ» օպերան ամենակատարյալն է Պուչինիի օպերաներից։
Բարիտոն Գուրգեն Բավեյանը հիշեց, որ ներկա է եղել Գոհար Գասպարյանի վերջին համերգին. «8-9 տարեկան էի։ Հիշում եմ՝ նստած էր աթոռին, երգում էր ինչպես երիտասարդ՝ գեղեցիկ, թարմ ձայնով։ Հրաշալի հիշողություններ ունեմ այդ օրվա հետ կապված»։
Գ. Բավեյանը Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթի դանփեկիր է։ Համագործակցում է ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ 2005 թվականից։
«Միշտ մեծ սիրով ու հաճույքով եմ աշխատել պրոֆեսիոնալների, մաեստրո Թոփչյանի հետ։ Հիշում եմ՝ 2013 թվականին նվագախմբի հետ Շուշիում ներկայացրել ենք Բաբաևի «Արծվաբերդ» օպերան»,- ասաց Գ.Բավեյանը։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանն ասաց, որ Գոհար Գասպարյանին լավագույն տարիներին չի լսել, բախտ չի ունեցել, բայց բախտ է ունեցել մեկ համերգ ղեկավարել նրա մասնակցությամբ։
«Աննկարագրելի մի բան էր, միշտ հիշում եմ։ Ես շատ լսել եմ նրա ձայնագրություններ, տեսնում եմ, որ բառացիկ գույնի, հնարավորությունների կոլորատուրային սոպրանոյի ձայն ուներ Գոհար Գասպարյանը։ Իր ձայնի գույնը լրիվ այլ էր ու եզակի։ Ուրախ եմ, որ մեր «Բոհեմի» կատարումը նվիրում ենք Գոհար Գապսրայանի 100-ամյակին։ Հիանալի կազմով ենք ելույթ ունենալու։ Մեծ իրադարձություն է լինելու օպերային երաժշտություն հասկացողների համար»,- ասաց Է. Թոփչյանը։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ բեմում կլինի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան): Օպերայի համերգային կատարումը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:
«Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում հուլիսի 22-ից այցելուների համար բաց կլինի Գոհար Գասպարյանին նվիրված ցուցադրությունը՝ որտեղ տեղ կգտնեն բացառիկ ցուցանմուշներ լեգենդար օպերային երգչուհու անձնական արխիվից: Ցուցադրության մուտքն ազատ է:
Հարակից հրապարակումներ`
- Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ
- Տենոր Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ կերգի Փարիզի Օպերա Բաստիլում և Վիեննայի պետական օպերայում