Բաքուն արձագանքել է Մակրոնի՝ Հայաստանի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովում, Հայաստանին վերաբերող մի շարք հայտարարություններ է արել՝ խոսելով Երևանին մատակարարվող ֆրանսիական զենքի, ինչպես նաև Բաքվի հետ ընթացող խաղաղության բանակցությունների մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էմանուել Մակրոնի հայտարարությունները X-ի իր միկրոբլոգում կատարած գրառումներով ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Խոսելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև խորացող ռազմատեխնիկական համագործակցության մասին՝ Էմանուել Մակրոնը նշել է․ «Եթե նայեք անցած տասնամյակին, ապա թվում է, թե Ադրբեջանն իրեն շատ ավելի է զինել, քան Հայաստանը։ Եվ եթե իմ հիշողությունը ճիշտ է, իսկ եթե սխալ եմ, ուղղեք ինձ, ապա Ադրբեջանն, իսկապես, 2020 թվականին սարսափելի պատերազմ սկսեց»։
Այս համատեքստում Ֆրանսիայի նախագահը նաև հավելել է, որ նորմալ է, երբ Փարիզը պարզապես պատասխանում է ինքնիշխան երկրի՝ Հայաստանի խնդրանքին, որը ցանկանում է զինվել և զգում է, որ կարող է ագրեսիայի ենթարկվել մեկ այլ երկրի կողմից:
«Հայաստանի հեռանկարը խաղաղությունն է, Ֆրանսիայի հեռանկարը խաղաղությունն է, հուսով եմ՝ Ադրբեջանի հեռանկարը խաղաղությունն է։ Եվ եթե երկու երկրներն ավարտին հասցնեն խաղաղության պայմանագիրը, ապա մենք կաջակցենք նման համաձայնագրին», - ընդգծել է Մակրոնը՝ խոսելով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի մասին:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովում մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի մասին հնչեցրած հայտարարություններին։
Մեկնաբանությունում, մասնավորապես, ափսոսանք է հայտնում, որ «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, որոնք արդարացնում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությունը և դրսևորում են բացահայտ կողմնակալ դիրքորոշում Ադրբեջանի նկատմամբ, տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացին խոչընդոտելու Ֆրանսիայի փորձերի ևս մեկ վառ օրինակ են»։