Նարեկ Նալբանդյանը հարցաքննվել է. «Հետք»
Գործարար Նարեկ Նալբանդյանի կողմից Սևանի ափի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերելու հանգամանքները պարզելու հարցով նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է։
Այս մասին գրում է «Հետք»-ն ու մանրամասնում, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել են սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանը, գործարար Նարեկ Նալբանդյանը և հյուրանոցի նախկին սեփականատեր, գործարար Փայլակ Հայրապետյանը։
«Կասկածելի գործարքներով 2018 թ․-ից հետո բիզնես հաջողություններ գրանցած գործարար Նարեկ Նալբանդյանը Սևանի ափին գտնվող 6 միլիոն դոլար գնահատված հյուրանոցը սնանկության դատարանի աճուրդից ձեռք էր բերել 18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով։
Նախաքննության ժամանակ Նարեկ Նալբանդյանը ցուցմունք է տվել, որ 2018-19 թթ․-երից արտադրությամբ, առևտրով և ներմուծմամբ զբաղվող «Պրոյեկ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է։ Ամերիաբանկում գրավադրված «Հայրապետ» հյուրանոցի ու հարակից երկու գույքի վաճառքի մասին իմացել է մի քանի տարի առաջ, հետևել է դրա արժեքին, սակայն, գինը թանկ է լինելու պատճառով, չի մասնակցել աճուրդին (1 միլիարդ դրամից ավել)։ Հետագայում տեղեկացել է, որ նույն գույքը աճուրդի է հանվել արդեն 210 մլն դրամով, ողջամիտ է համարել ու որոշել է մասնակցել աճուրդին։ Նարեկ Նալբանդյանը նշել է նաև, որ սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանին նախկինում չի առնչվել, չի ճանաչել նաև գույքի սեփականատեր Փայլակ Հայրապետյանին։ Գործարարը հայտնել է նաև, թե իբր տեղյակ չի եղել՝ ինչի համար է հյուրանոցը գրավադրված եղել, նախկինում ինչ հարցեր են եղել։
Սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանն էլ իր ցուցմունքում նշել է, որ կառավարիչ նշանակվելուց հետո հյուրանոցը ներկայացրել է գնահատման, որից հետո azdarar.am կայքում աճուրդի մասին հայտարարություն է տեղադրվել։ Աճուրդներին որևէ մասնակից չի եղել, և գույքի գինն ամեն անգամ նվազեցվել է 10 %-ով։ Ըստ նրա՝ 2021 թ․-ի մարտի 30-ի աճուրդին մասնակցել է միայն «Պրոյեկը ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն և գնել է հյուրանոցն ու մյուս գույքը։ Քրեական վարույթով հարցաքննվել է նաև գործարար Փայլակ Հայրապետյանը և պատմել, թե ինչպես են իրեն ունեզրկել»,-գրում է աղբյուրը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից
- «Փաստ». Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող Կակտուս ռեստորանը գնել է Նարեկ Նալբանդյանը
- «Փաստ». Նարեկ Նալբանդյանը նախատեսում է հանրապետության տարածքում 200-ից ավելի սուպերմարկետ բացել