Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել
Արցախի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել, դատարանը բավարարել է քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանն ամբողջությամբ բավարարեց քննիչի միջնորդությունը։
Դավիթ Սարգսյանին արգելվել է երեկոյան ժամը 19:00-ից մինչև առավոտյան ժամը 7-ը լքել իր բնակության վայրը, արգելվել է որևէ շփում ունենալ գործով անցնող անձանց, Ստեփանակերտի քաղաքապետարանում աշխատած մարդկանց հետ, խոսքը 1700-ից ավելի մարդկանց մասին է, արգելվել է զվարճանքի և սպասարկման օբյեկտներ այցելել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց նա։
Ռ.Մելիքյանը նշեց, որ բողոքարկելու են այս որոշումը։
«Բայց հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում ձևավորվել է մարդկանց խումբ, ովքեր պատրաստ են կատարել քաղաքական փոքր խմբակի հակահայ, հակաարցախյան, սեփական ազգի արժանապատվությունը ոտնատակ տվող քաղաքական պատվերները և մի հատ ախ չքաշել»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին 20 օրով կալանավորվել էր Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Իսկ հունիսի 13-ին դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարել էր քննիչի միջնորդությունն ու Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառել 2 ամիս ժամկետով տնային կալանք։ Նա մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։
Հուլիսի 16-ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ վերաքննիչ դատարանը բավարարել էր Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով դատավոր Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Այդպիսով, Դավիթ Սարգսյանն ազատ էր արձակվել։ Սակայն քննչական կոմիտեն Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել: