Մ 6 միջպետական ճանապարհի վերանորոգման աշխատանքները երկու շաբաթ էլ կշարունակվեն
Մ 6 միջպետական ճանապարհի վնասված 28 հատվածներից 27-ում ավարտվել է հողի լիցքի տեղադրումը և մեկնարկել են խճապատման աշխատանքները, որոնք կշարունակվեն շուրջ 3 օր: Ավարտից հետո, շուրջ տասը օր անց կիրականացվի ասֆալտապատումը: Նման տվյալներ են ներկայացվել Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցության ժամանակ, որը հրավիրվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը քննարկելու նպատակով։
Ճանապարհի միայն մեկ հատվածում աշխատանքները հետաձգվել են ջրատար խողովակի մակերեսային տեղակայման պատճառով: Առաջիկայում լուծում կստանա նաև այդ խնդիրը, և հնարավոր կլինի վերականգնման աշխատանքներ իրականացնել նաև այդ հատվածում:
Մարզային ենթակայության ճանապարհների վնասված ճանապարհահատվածներից Շնող-Թեղուտ հատվածում ավարտվել է լիցքը, այն երկկողմանի երթևեկելի է: Ախթալայի կամրջից մինչև Ախթալայի երկաթուղային գծանց ընկած հատվածում ևս իրականացվում է լիցք. աշխատանքները կավարտվեն հաջորդ շաբաթվա ընթացքում:
Ներհամայնքային ճանապարհների վնասված հատվածներում ևս աշխատանքները մեկնարկել են: Ա. Ղազարյանը հանձնարարել է աշխատանքներում առավել օպերատիվություն ցուցաբերել՝ օր առաջ դրանք ավարտին հասցնելու նպատակով:
Ներկայացվել է նաև հեղեղված բնակավայրերի բնակիչներին աղետի օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում տրամադրված պարենային աջակցության և հագուստի բաշխման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: