Սուրենյանց. Սա Նիկոլ Փաշինյանի մակարդակով համաձայնեցված PR ակցիա է, որի նպատակը Հայաստանի ինտեգրումը չէ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Արամ Սարգսյանի, Տիգրան Խզմալյանի, Արման Բաբաջանյանի կուսակցությունների նախաձեռնությանը, գրում է.
««Հանրապետություն» «Հանուն Հանրապետության», Հայաստանի Եվրոպական կուսակցությունները մտադիր են ստորագրահավաքով հասնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը:
Համենայն դեպս, արևմտամետների այս դաշինքը նման հայտարարությամբ հանդես է գալու երկուշաբթի օրը:
Այս նախաձեռնության մասին բազմիցս արտահայտվել եմ՝ օրակարգը կեղծ համարելով քաղաքական հարթության վրա և անօրինական սահմանադրա- իրավական դաշտում:
Նախաձեռնության հեղինակները դա հրաշալի հասկանում են, բայց գնում են նման բացահայտ արկածախնդիր նախաձեռնության՝ բացառապես ներքաղաքական նպատակներով:
Կասկած չունեմ, որ սա Նիկոլ Փաշինյանի մակարդակով համաձայնեցված PR ակցիա է, որի բուն նպատակը ոչ թե Հայաստանի ինտեգրումն է ԵՄ-ին(դա անիրական համարեց անգամ Փաշինյանը), այլ, այսպես ասած, «նոր» ընդդիմության, ավելի ստույգ՝ Փաշինյանի իշխանության համար «անվտանգության բարձիկի» ձևավորումը:
Փորձ է արվում եվրոպական «բլիթների»(վիզաների ազատականացում և այլն) մատուցմամբ և հասարակայնության շրջանում օբյեկտիվորեն առկա հակառուսական տրամադրությունների շահագործմամբ կոնսոլիդացնել որոշակի էլեկտորաատ, որը 2026-ի ընտրություններում ուղղակի կամ անուղղակի(հարմար ընդդիմության միջոցով)՝ նպաստելու է Փաշինյանի իշխանության վերարտադրությանը, գուցե՝ կոալիցիոն կառավարության ձևաչափով:
Մեր հասարակությանը հորդորում եմ՝ մերժել «Հույսի վաճառականների» «պատրանքի ճանապարհը»: Չի կարելի երկրի անվտանգությունը զոհաբերել ոմանց մերկանտիլ քաղաքական շահերին»։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Ժողովրդավարական ուժերի հարթակը, հանձինս «Հանրապետություն» «Հանուն Հանրապետության», Հայաստանի Եվրոպական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քննարկել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք անցկացնելու նպատակահարմարության հարցը և երկուշաբթի օրը, ժամը 11.00֊ին Եվրոպայի հրապարակում (Հյուսիսային պողոտա) հանդես կգա հայտարարությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան