Արցախի երիտասարդական թև. Արցախցիները նոր ՀԿ են հիմնել
Հայաստանում արցախցիներին՝ բազմաթիվ խնդիրների բախվելը ստիպեց հաթերքցի Նժդեհ Իսկանդարյանին հայրենակիցներին ինչ-որ կերպ օգտակար լինելու մի հնար գտնել։
Նա իր՝ գրեթե հասակակից մի քանի ընկերների, հայրենակիցների հետ հիմնել է «Արցախի երիտասարդական թև» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը։
«Առաջին հերթին արցախցիների մասնակցությամբ առավել հաճախ հանդիպած խնդիրների, ինչպես նաև տարբեր գաղափարների շուրջ քննարկումներ ու հանդիպումներ ենք կազմակերպելու։ Փորձելու ենք տրամադրել իրավաբանական, փաստաբանական աջակցություն։ Շատ արցախցիներ կյանքում առաջին անգամ են Երևանում, նրանք այստեղ հանդիպում են տարբեր խնդիրների։ Օրինակ, մարդիկ կան, որ քսան տարի ծառայել են հայրենիքին, այսօր չեն կարողանում թոշակ ստանալ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀԿ հիմնադիրը։
«Արցախի երիտասարդական թև» ՀԿ-ն իր դռները բացում է այսօր։ Գործելու է Նաիրի Զարյան 19 հասցեում՝ Հայաստանում Արցախի ներկայացուցչությունից քիչ հեռու, հարցերի դեպքում մարդիկ կարող են դիմել նաև ՀԿ-ի ֆեյսբուքյան էջի միջոցով։
ՀԿ անդամ կարող են դառնալ 18 տարին լրացած քաղաքացիները։ Արցախցիներին ձեռք մեկնելու, նրանց հոգսը թեթևացնելու համար պատրաստ են համագործակցել հայաստանյան կազմակերպությունների հետ։
«Եթե կազմակերպության հնարավորությունները ներեն, ապա նաև սոցիալական կամ այլ աջակցություն կցուցաբերենք մեր հայրենակիցներին։ Հավատացնում եմ ձեզ, հացից, պարենից, գումարից առավել մարդիկ իրար հետ խոսելու կարիք ունեն, հատկապես երբ հանդիպում են արցախցիներով: Ուզում ենք ամեն բան անել, որ արցախցիները չլքեն Հայաստանը»,-ասաց նա։
Ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանը լքել են մոտ 25 հազար արցախցիներ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան