ԵՄ խորհուրդը հաստատել է ՀՀ զինուժին աջակցության միջոցառումները
ԵՄ խորհուրդն այսօր ընդունել է որոշում Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին 10 մլն եվրո ծավալի աջակցության միջոցառումները հաստատելու մասին:
ԵՄ հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ, Եվրոպական միության կողմից որոշում է ընդունվել Հայաստանին երբևէ առաջին անգամ Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով օժանդակություն տրամադրելու մասին։ Աջակցության միջոցառումների նպատակն է բարձրացնել ՀՀ զինված ուժերի լոգիստիկ կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պայմանների բարելավմանը: Միաժամանակ այն միտված է բարձրացնելու Հայաստանի դիմակայունությունը, ինչպես նաև արագացնելու ՀՀ զինված ուժերի փոխգործունակությունը՝ երկրի համար ապահովելու հնարավոր ապագա մասնակցություն միջազգային ռազմական առաքելությունների և գործողությունների, այդ թվում՝ ԵՄ կողմից տեղակայված։ Մասնավորապես, աջակցության միջոցառումների հաստատումը թույլ կտա բավարարել մեկ գումարտակ զանգվածով ստորաբաժանման համար լիարժեք հագեցվածությամբ վրանային ավանի ծավալումը:
«Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերություններում անվտանգության բաղադրիչը հետզհետե ավելի կարևոր է դառնում: Խաղաղության եվրոպական գործիքակազմի այս գործողությունները կնպաստեն երկրի դիմակայունության մակարդակի հետագա բարձրացմանը: Մենք փոխադարձ հետաքրքրություն ունենք ավելի ընդլայնելու արտաքին և անվտանգության քաղաքականության շուրջ երկխոսությունը՝ դիտարկելով ԵՄ առաքելությունների և գործողությունների շրջանակում Հայաստանի ապագա մասնակցությունը»,-ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, Հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը։
Ըստ աղբյուրի, այսօրվա որոշմամբ հաստատված օժանդակությունը կտրամադրվի Հայաստանի հետ ընդհանուր արժեքների վրա խարսխված ԵՄ գործընկերության շրջանակներում, որն ուղղված է Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարեկեցության խթանմանը։
Եվրոպական միությունը հավատարիմ է Հայաստանի հետ՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերության ընդլայնմանը, և մեր հարաբերությունները բոլոր հարթություններում էլ ավելի ամրապնդման հանձնառությանը։ Այն ներառում է արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում երկխոսության և համագործակցության ակտիվացումը՝ ներառյալ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (ՔՀԶԾ) ոլորտում: