Արարատ Միրզոյանն ընդգծել է սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը
Արարատ Միրզոյանը մասնակցել է կլոր-սեղան քննարկման ՄԹ ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում (IISS)՝ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Իր ներածական խոսքում Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը, ձեռքբերումները, արտաքին քաղաքական առաջնահերթությունները և դրանց կյանքի կոչման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության հիմնական ուղղությունները։
Անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և նախորդ տարվա նոյեմբերին մեկնարկած ռազմավարական երկխոսությանը համահունչ համագործակցության զարգացման հեռանկարներին։ ԵՄ հետ խորացող գործընկերության համատեքստում Միրզոյանը վկայակոչել է նույն օրը ԵՄ խորհրդի կողմից ընդունված որոշումները՝ Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք համահունչ են ձևավորված արժեքահեն գործընկերությանը և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին։
Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակն ու հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները: Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում կայունության ու հարատև խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը և դրա կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը։
Ընդգծելով տարածաշրջանային տնտեսական զարգացման հարցում կայուն խաղաղության ապահովման նշանակությունը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և միջազգային գործընկերների արձագանքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան