Գյումրիում 56-ամյա կնոջը սպանությունը բացահայտվել է. Ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն երեկ ժամը 11.09-ին զանգած քաղաքացին հայտնել է, որ ինքը եղել է Ռուսաստանի Դաշնությունում և Գյումրիի Ջափարիձեի փողոցի իր տանը բնակվող 56-ամյա քրոջից երկար ժամանակ տեղեկություն չի ունեցել, իսկ վերադառնալով Հայաստան՝ տան դուռը կոտրել, ներս է մտել և հայտնաբերել քրոջ դիակը:
Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը հյուրասենյակի հատակին հայտնաբերել է փետրվարի 8-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես հարազատների հետ կապը կորցրած որոնվող 56-ամյա կնոջ դիակը:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Նաիրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի տներից մեկում հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 49-ամյա տղամարդը:
Բաժնում նա խոստովանել է, որ 2023 թ. ապրիլի վերջ-մայիսի սկիզբ ընկած ժամանակահատվածում լինելով 56-ամյա կնոջ մոտ՝ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ ձեռքերով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի հետևանքով նրա քթից արյուն է հոսել, այնուհետև կնոջը պառկեցրել է բազմոցին և քնել: Լուսադեմին նկատելով, որ կինը մահացել է, փորձել է տեղավորել ճամպրուկին մեջ և տեղափոխել նշված վայրից, սակայն չկարողանալով, վերցրել է նրա բջջային հեռախոսները, տան և բակի դռները բանալիով փակել է ու հեռացել:
Գյումրիի բնակիչ 49-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն: