Կրակոցներ՝ «Օշականի ձորում»․ կա վիրավոր
Հուլիսի 22-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օշականի ձորում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձեռքի արմնկային հոդի հրազենային վնասվածքով» շտապօգնության բժիշկների խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանները տեղում պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Կարապետ Մ․-ն է։ Տեղում ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 21։30-ի սահմաններում Կարապետ Մ․-ն Օշական գյուղի «Օշականի ձոր» կոչվող վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արագածոտնի մարզի բնակիչ 55-ամյա Գևորգ Ու․-ի հետ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած որսորդական հրացանով 2 անգամ կրակել է Կարապետ Մ․-ի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ վերջինս ստացել է հրազենային վնասվածք։
Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն և մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր, որտեղ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են բավականին արնանման հետքեր, դրամապանակ, ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, թե որտեղ է գտնվում կասկածյալ Գևորգ Ու․-ն։ Ոստիկանները Օշական գյուղի Ձախ-Ափ փողոցում հայտնաբերում են նրան և կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին։ Արդեն փաստերի ճնշման տակ վերջինս խոստովանում է կատարվածը, իսկ արդեն դեպքի վայրում կասկածյալի որդին հանցագործության գործիք հանդիսացող հրազենը վերցրել և թաքցրել էր իրենց տան հարակից հողամասում գտնվող թզենու ծառի տակ։
Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրացանը և մի քանի փամփուշտ՝ այդ թվում չկրակված։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան