«Ժողովուրդ». ՔՊ-ական Խորեն Գրիգորյանին Երևանի քաղաքապետարանից ազատելուց հետո նոր պաշտոն են տվել ԱԺ-ում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ-ական Խորեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ-ի պաշտոնից ազատվելուց ամիսներ անց, նոր աշխատանքի է անցել ԱԺ-ում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս փորձագետ-համակարգողի պաշտոն է ստացել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում։ Հիշեցնենք, որ Խորեն Գրիգորյանը պաշտոնից ազատվել էր 2023 թվականի դեկտեմբերին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նրա աշխատանքից ազատման պատճառը ոչ միայն շինբարեկարգման ոլորտի տապալումն էր, այլև քաղաքապետարանում ունեցած տարաձայնությունները։ Գրել էինք, որ նա չի ցանկացել աշխատել փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի ենթակայության ներքո, ով Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ պետք է քաղշին ոլորտը վերահսկեր: Մեր տեղեկություններով՝ Լևոն Հովհաննիսյանը պահանջել էր Խորեն Գրիգորյանին հաշվետու լինել իրեն ու ցույց տալ շինթույլտվությունների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը: Խորեն Գրիգորյանին դուր չէր եկել իր նկատմամբ վերահսկողությունը, և վիճաբանությունից հետո նա աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Աշխատանքից ազատվելուց հետո էլ, սակայն, Խորեն Գրիգորյանը ակտիվորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող գրառումներ էր անում, նրա լուսանկարները տարածում իր էջում, երբեմն էլ՝ ՔՊ նիստերին մասնակցում։ Մենք գրել էինք նաև, որ Խորեն Գրիգորյանը նախորդ տարի ՔՊ կուսակցական դրամահավաքին նվիրաբերել էր 2 մլն դրամ։ ԱԺ-ում աշխատանքի անցնելու մասին մեր տեղեկությունը հաստատեց նաև ինքը՝ Խորեն Գրիգորյանը. «Մասնագիտությամբ ազգագրագետ եմ, իսկ հանձնաժողովը ազգային և կրոնական փոքրամասնությունների հարցերով ու խնդիրներով է զբաղվում նաև, որոնք ուղիղ իմ մասնագիտական աջակցության կարիքն ունեն: ԱԺ համապատասխան հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանից եղել է աշխատանքի առաջարկ, որը սիրով ընդունել եմ», – ասաց նա:
Այսպիսով՝ Խորեն Գրիգորյանը, որի անունը կառուպցիոն համակարգում բազում սկանդալների կիզակետում է հայտնվել, այսուհետ կզբաղվի մարդու իրավունքներով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին