Մոսկվան պատրաստ է Երևանի և Բաքվի ներկայացուցիչներին հարթակ տրամադրել բանակցությունների համար. Զախարովա
Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և նրանց համար կստեղծի ամենահարմար պայմանները։ Այդ մասին հուլիսի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստական աշխատանքների կարևորությունը հատկապես ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2022 թ.հոկտեմբերի 31-ի հայտարարության մեջ։
Զախարովան հիշեցրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև «շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը՝ հիմնված առկա զարգացումների վրա»։
«Ռուսաստանի Դաշնությունը խոստացել է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել։ Այսինքն՝ մեր մոտեցումը ոչ միայն կայուն է, դա արձանագրված է նաև մեր երկրի ստորագրած փաստաթղթում։ Իհարկե, նման օգնության ծավալն ու ձևը պետք է ընդունելի լինի բանակցող կողմերից յուրաքանչյուրի համար։
Ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ՝ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Մոսկվան բազմիցս ընդունել է հայ-ադրբեջանական բանակցությունների փուլեր։ Պատրաստ ենք, ինչպես միշտ ընդգծել եմ, շարունակել դա անել։ Մենք երաշխավորում ենք ամենահարմարավետ պայմանների ստեղծումը երկու պատվիրակությունների աշխատանքի համար իրենց նախընտրած երկկողմ ձևաչափով»,-ասաց դիվանագետը։
Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է ղազախ գործընկերների ջանքերը, որոնք մայիսի 10-11-ը Ալմաթիում նախաձեռնել և կազմակերպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
Զախարովան նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը կողմերի միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը համարում է անփոխարինելի նախապայման տարածաշրջանում չխարխլվող անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ճարտարապետության կառուցման համար։
Ռուս դիվանագետը հույս հայտնեց, որ առկա տարաձայնությունները շուտափույթ կլուծվեն և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ ոլորտներում հաջող առաջընթաց կկատարվի՝ ամենաբարձր մակարդակով երկկողմ պայմանավորվածություններին համապատասխան:
«Հարավային Կովկասի ճակատագիրն ու ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր պետությունները։ Եվ դրսից ոչ ոք հաստատ խաղաղություն ու բարեկեցություն չի բերի մեր ընդհանուր տանը։ Դա ապացուցված է դարերով»,- ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն Հայաստանը դիտարկում է որպես ՌԴ-ի դեմ հարթակ, Արևմուտքը միայն օգտագործում է․ Զախարովա
- Զախարովա․ Ռուսաստանը երբեք իր ընկերներին, դաշնակիցներին, գործընկերներին ընտրության առաջ չի դրել
- Մարիա Զախարովա. «EAGLE PARTNER 2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, բացի ափսոսանքից, ոչինչ չեն առաջացնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան