Ավանում 13-ամյա տղան ուշագնաց լինելու աստիճան ծեծել է 11-ամյա երեխային
ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հուլիսի 22-ի օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով երեխային խեղդելու արդյունքում ուշագնաց լինելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության 55 խումբը «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի, ում առողջական վիճակը ծանր է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ երեխան Երևանի բնակիչ 11-ամյա Դ․ Դ․-ն է։ Պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 15։00-ի սահմաններում, Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանության ժամանակ Դ.Դ․-ին ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 13-ամյա Պ․ Ա․-ն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Պ.Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ: