«Ժողովուրդ». Բյուջեի պակասուրդը կոծկելու, վարկերով ծայրը ծայրին հասցնելու միջոցով՝ իշխանությունը փորձում է «կայուն պահել» երկրի տնտեսական վիճակը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ պետական բյուջեի փաստացի ամփոփ ցուցանիշների համաձայն՝ 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջերի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,063,095 մլն դրամ։ ՀՀ պետբյուջեի հարկերը գոյացել են շահութահարկից, մաքսատուրքից, ակցիզային հարկից, շրջանառության և եկամտային հարկերից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ՀՀ 2023թ. պետբյուջեի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում նշել էր.
«Թե՛ կառավարության անդամները, թե՛ պատգամավորներն անդրադարձել են ամենատարբեր հարցերի, և ես կուզենայի ընդամենը մի քանի ընդգծումներ անել: Առաջին ընդգծումը հետևյալն է, որ մենք 2023 թվականի բյուջեի հարկային եկամտային մասը պլանավորում ենք, ինչպես արդեն ասվեց, 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը, ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականի ցուցանիշից ավելի է 946 միլիարդ դրամով կամ 75.1 տոկոսով: Ես ուզում եմ՝ մենք այս փաստն ընդգծենք. 4.5 տարի անց, անցած լինելով պատերազմի և COVID-ի միջով՝ մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավելի է 75 տոկոսով: Ընդ որում՝ պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ. աճը 2018 թվականի նկատմամբ 113 տոկոս է, այսինքն՝ կրկնապատիկից ավելի, և 2022 թվականի նկատմամբ 47 տոկոս է. բայց այս թվերի հետևում գոյություն ունեցող բովանդակությունը նույնքան կարևոր է», -ասել էր Փաշինյանը։
Հարկ է նշել, որ Փաշինյանը դեֆիցիտի մասին որևէ բան չէր ընդգծել, սակայն պետք է նկատել, որ, եթե ըստ Փաշինյանի՝ բյուջեն ավելանում է, ապա կարիք կա հիշեցնելու, որ արտաքին պարտքը ևս սրընթաց բազմապատկվում է։ Ասվածն ապացուցենք նրանով, որ հունիսի 30-ին ՀՀ կառավարությունը վարկ է վերցրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից՝ 236 միլիոն եվրոյի չափով։ Հուլիսի 18-ին էլ հայտարարվեց, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրի ստորագրումը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102,000,000 եվրո արժողությամբ վարկ։ Ստացվում է, որ բյուջեի պակասուրդը կոծկելու, վարկերով ծայրը ծայրին հասցնելու միջոցով՝ իշխանությունը փորձում է «կայուն պահել» երկրի տնտեսական վիճակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան