Գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀ
Այս տարվա փետրվարին ընդունվել և մայիսի 6-ից ուժի մեջ են մտել նոր օրենսդրական կարգավորումներ, որոնց համաձայն գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, եթե վերջինս չի կատարում գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները 30 օրացուցային օրվա ընթացքում:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ օրենքի ընդունումից հետո գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ մարվել է 850 մլն դրամի պարտք, հարուցվել են վարույթներ 8 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ պարտավորությունների չկատարման մասով։
«Հորդորում ենք գյուղացիական տնտեսություններին, որոնք գյուղատնտեսական արտադրանք են մատակարարել ընկերություններին և 30 օրացուցային օրվա ընթացքում չեն ստացել դրանց դիմաց իրենց հասանելիք վճարումները, դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:
Խախտումների մասին հաղորդումները կարող են ներկայացվել առցանց՝ www.competition.am կայքի միջոցով, [email protected] էլ. փոստի հասցեով, ինչպես նաև թղթային տարբերակով:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 830 840, ներքին՝ 203, հեռախոսահամարով»,-նշում են հանձնաժողովից։