«Հրապարակ». Մրցույթը կեղծ է, արդյունքը՝ կանխորոշված
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հաղթողին կհայտարարի հուլիսի 29-ին։ Մենք օրեր առաջ էինք գրել, որ «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից, պրոիշխանական Արմեն Քոլոյանն է իշխանության թեկնածուն: Նրան տնօրեն դարձնելու ցանկությունն այնքան մեծ է, որ որոշել են հրաժարվել իրենց լոզունգներից` արդար ընտրության և պետական համակարգի երիտասարդացման: Քոլոյանը 67 տարեկան է։ Տարօրինակ է, որ օրենքը տարիքային սահմանափակում չի նախատեսում, չէ՞ որ ղեկավար պաշտոններում աշխատելու տարիքը 65-ն է:
Երեկ Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարեց, թե ունի փաստեր, որ մրցույթի արդյունքները դեռ չհայտարարված՝ Քոլոյանին տարել են կառավարություն, այսինքն` մրցույթը կեղծ է, արդյունքը՝ կանխորոշված: Նա դիմել է մրցույթի մասնակիցներին և կոչ արել բոյկոտել այն` հայտերը հետ վերցնել։
Մրցույթի մասնակից, «Հրապարակ»-ի թղթակից Լուսինե Պետրոսյանը բոյկոտը ճիշտ չի համարում` 2 պատճառով. գործընթացը գնահատելու համար պետք է սպասել դրա ավարտին. «Այն, որ ինչ-որ մեկը կառավարության շենքում (ըստ ամենայնի՝ երկրորդական մեկը, ով հեռախոսազանգով միջամտելու ազդեցություն չունի) հանդիպել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահին և Քոլոյանին կամ անձնական շահագրգռություն ունի, որ Ռադիոյի տնօրեն ընտրվի պրն Քոլոյանը, դեռ երաշխիք և փաստ չէ, թե այդպես էլ կլինի։ Պետք է նախ Քոլոյանի ընտրությունը դառնա փաստ, որ դրանից էլ հետևություն և գործողություն բխեն»: Եվ` «ընտրությունը կատարվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ մասնագիտական կենսագրություն, մոտիվացիա, Հանրային ռադիոյի զարգացման հայեցակարգ, և պրն Քոլոյանի ներկայացրած փաթեթը դժվար թե լավագույնը լինի»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան