Վրաստանի արդարադատության նախարարը հայտնել է Սաակաշվիլու առողջական վիճակի բարելավման մասին
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտնել է, որ հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու առողջական վիճակը, որը գտնվում է Թբիլիսիի մասնավոր «Վիվամեդ» կլինիկայում, բարելավվել է։
«Նրա առողջական վիճակը մշտական խնամքի և մոնիտորինգի տակ է...Անձամբ ես շատ ուրախ եմ, որ նրա առողջական վիճակը կտրուկ բարելավվել է, և ես ցանկանում եմ առողջություն մաղթել նրան»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Բրեգաձեն։
Վրաստանի արդարադատության նախարարը հերթական անգամ մեկնաբանել է հիվանդանոցից բանտ Սաակաշվիլու հնարավոր տեղափոխումը ։
«Իհարկե, բժիշկները գնահատում են նրա առողջական վիճակը, մենք կարող ենք միայն հաստատել, որ հենց բժիշկները պատրաստ լինեն, նա կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ, քանի որ սկզբունքը շատ պարզ է՝ դատապարտյալը պետք է լինի քրեակատարողական հիմնարկում», -եզրափակել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլիին այսօր շատ ավելի լավ տեսք ունի. օմբուդսմեն
- ՄԻԵԴ-ը մերժել է Սաակաշվիլիի հայցը
- Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ ծեծի է ենթարկվել Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչը, ամերիկացի փաստաբանը և ընդդիմության առաջնորդը