Հունիսին կենդանիների շրջանում բրուցելոզի դեպքեր են գրանցվել 24 գյուղերում
Խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում հունիսին բրուցելոզ հիվանդություն է գրանցվել 24 բնակավայրերում։ Առավել մեծ թվով հիվանդ կենդանիներ հայտնաբերվել են Մաստարա, Գառնի, Պռոշյան գյուղերում։ Նման տվյալներ է հրապարակել ՍԱՏՄ-ն։
Մանր եղջերավոր կենդանիների շրջանում պատկերն ավելի վատ է։ Միայն Երևանի Սիլիկյան թաղամասում վարակված 44 կենդանի է հայտնաբերվել, Զորականում՝ 38, Հանքավանում՝ 30 և այլն։
Բրուցելոզը զոոնոզ՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր, հիվանդություն է և ընդգրկված է կենդանիների հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկում։ Բրուցելոզի հարուցիչը պահպանվում է հողի, ջրի, բարձր ջերմային մշակում չանցած կաթնամթերքի մեջ՝ դառնալով վարակի աղբյուր։
Տեսչական մարմնից նշում են՝ մարդիկ բրուցելոզով վարակվում են հիվանդ կենդանու խնամքի կամ միսը մշակելու ժամանակ, հում կաթ, պանիր, մածուն, թթվասեր և այլ ցածր ջերմաստիճանում վերամշակված կաթնամթերք օգտագործելու արդյունքում, իսկ հիվանդության ախտանիշերն են բարձր ջերմաստիճանը, մկանացավը, հոդացավը, որոնք կարող են դառնալ քրոնիկ:
Թեև հիվանդ կենդանիներն անհապաղ մեկուսացվում են ընդհանուր գլխաքանակից և 15 օրվա ընթացքում ենթարկվում սանիտարական սպանդի, այնուամենայնիվ, առաջնային համարելով քաղաքացու անվտանգությունը, առողջության պահպանման կարևորությունն ու տեղեկացված լինելու անհրաժեշտությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր պաշտոնական snund.am կայքում հրապարակում է այն տարածաշրջաններն ու բնակավայրերը, որտեղ բրուցելոզ հիվանդության դեպքերը հաստատվել են լաբորատոր փորձաքննությամբ:
«Առաջարկում ենք մինչև որևէ բնակավայրերից գնում կատարելը հավաստիանալ, որ ձեզ չեն վաճառում հիվանդ կենդանի կամ կենդանուց ստացված միս-մսամթերք, կաթ կամ կաթնամթերք:
Հիվանդության տարածվածության մասին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով՝
Է տեսչական մարմնի պաշտոնական էջում»,-ասված տեսչական մարմնի հրապարակած հաղորդագրության մեջ։