Փարիզ-2024. Հայաստանի օլիմպիական հավաքականի ծանրորդները
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից մեկնարկում են ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը:
Հայաստանի հավաքականի կազմում 15 մարզիկ է ընդգրկված, այդ թվում՝ 3 ծանրորդ՝
Անդրանիկ Կարապետյան, Գարիկ Կարապետյան, Վարազդատ Լալայան։ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկանք է պատրաստել ու հրապարակել մարզիկների մասին։
Անդրանիկ Կարապետյանը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 15-ին Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում: Հանդես է գալիս 89 կգ քաշային կարգում: Կարապետյանը կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին:
Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր: Մինչև Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերն Անդրանիկ Կարապետյանը հանդես է եկել 77 կգ քաշային կարգում: 2015 թվականին նա դարձել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 2016 թվականին հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում Կարապետյանը մրցահարթակում ծանր վնասվածք է ստացել՝ կոտրելով արմունկը: Վիրահատությունից և երկարատև բուժումներից հետո հայ ծանրորդը մրցահարթակ է վերադարձել 2017 թվականին արդեն նոր՝ 89 կգ քաշային կարգում, որը օլիմպիական է: 2017 թվականին Կարապետյանը դարձել է Համաշխարհային Ունիվերսիադայի արծաթե, իսկ աշխարհի գավաթի խաղարկության՝ բրոնզե մեդալակիր: 2021 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2022 թվականին ԵԱ-ում բավարարվել է պոկում վարժության փոքր արծաթե մեդալով:
Երևանում 2023 թվականին անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Կարապետյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ երկամարտում գրանցելով 374 կգ արդյունք (178+196): Ընդ որում՝ պոկում վարժությունում Կարապետյանը 178 կգ արդյունքով սահմանել է մեծահասակների Եվրոպայի ռեկորդ և արժանացել փոքր ոսկե մեդալի:
Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում Անդրանիկ Կարապետյանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 9-ին:
Գարիկ Կարապետյանը ծնվել է 2003 թվականի հունիսի 11-ին Գյումրիում: Կարապետյանը հանդես է գալիս 102 կգ քաշային կարգում: Օլիմպիական խաղերին մասնակցում է առաջին անգամ:
Կարապետյանը 2023 թվականին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երկամարտի 392 կգ արդյունքով (178+214 կգ) հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով նաև աշխարհի ու Եվրոպայի մի շարք ռեկորդներ: Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 178 կգ ծանրաձողն ու Եվրոպայի երիտասարդների ռեկորդ սահմանելով, իսկ հրում վարժությունում դարձել է փոքր արծաթե մեդալակիր՝ 214 կգ արդյունքով:
2022 և 2023 թվականին Կարապետյանը հռչակվել է նաև Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հաղթող, աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր և ռեկորդակիր, երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող, 2024 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե, աշխարհի գավաթի խաղարկության՝ արծաթե մեդալակիր:
Գարիկ Կարապետյանը նաև պատանիների Եվրոպայի չեմպիոն է (2018 թ.), պատանիների աշխարհի փոխչեմպիոն (2019 թ.), երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող (2021, 2022 թ.):
Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում Գարիկ Կարապետյանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 10-ին:
Վարազդատ Լալայանը ծնվել է 1999 թվականի մայիսի 1-ին Գյումրիում: Հանդես է գալիս +102 կգ քաշային կարգում: Օլիմպիական խաղերին մասնակցում է առաջին անգամ:
2024 թվականին Լալայանը կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի մեծահասակաների չեմպիոնի կոչումն ու դարձել նաև աշխարհի գավաթակիր: Լալայանը ԵԱ-ի չեմպիոն է հռչակվել երկամարտի 455 կգ արդյունքով: Նա արժանացել է նաև պոկում և հրում վարժությունների փոքր ոսկե մեդալներին՝ համապատասխանաբար 205 և 250 կգ արդյունքներով: Աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալին Լալայանն արժանացել է երկամարտի 463 կգ արդյունքով (210+253 կգ): Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 210 կգ, իսկ հրում վարժությունում՝ 253 կգ ծանրաձողը՝ առանձին վարժություններում ևս արժանանալով փոքր ոսկե մեդալներին:
Լալայանը նաև Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է (2016 թ.), Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն (2019 թ.), երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր (2019 թ.), Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հաղթող և ռեկորդակիր (2019 թ.), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2021 թ.), Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող և ռեկորդակիր (2021 թ.), աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և ռեկորդակիր (2021 թ.), Եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոն (2022 թ.), Եվրոպայի Մ23 չեմպիոն և ռեկորդակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2022 թ.): 2023 թվականին նա նվաճել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների փոխչեմպիոնի տիտղոսը:
Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում Վարազդատ Լալայանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 10-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան