Ո՛չ Իրանը, ո՛չ էլ Վրաստանը հեշտությամբ չեն համաձայնի բացել իրենց տարածքը զինատեսակների համար․ Սարիբեկյան
Քաղաքական մեկնաբան Էդուարդ Սարիբեկյանը գրում է․
«Արտասահմանից զենք գնելու մասին
Երբ հայտարարվում է, թե Հայաստանը ինչ-որ երկրից զենք է գնելու կամ ինչ-որ երկիր պատրաստվում է Հայաստանին զենք վաճառել, միանգամից էյֆորիայի մեջ ընկնել պետք չի: Նախ դրանց մի մասն ուղղակի ֆեյք է լինում: Երկրորդ. եթե նույնիսկ կա ինչ-որ զինատեսակի ձեռք բերման պայմանագիր, դա պետք դիտարկել այդ զինատեսակների մատակարաման ժամկետների տեսանկյունից՝ կհասցնե՞ն այդ զենքերը, պետք եղած ժամանակ, լինել Հայաստանում, հայկական բանակը կհասցնի՞ դրանք յուրացնել և այլ:
Բայց ամենակարևորը երրորդ հանգամանքն է, որ ուզում եմ ներկայացնել. ԻՆՉՊԵ՞Ս են դրանք Հայաստան հասնելու: Դա կարող է լինել Վրաստանի կամ Իրանի տարածքով (կապ չունի՝ ցամաքային, թե օդային): Ով էլ լինի պոտենցիալ մատակարարողը, դա (մատակարարումը) պետք է համաձայնեցվի այս երկու երկրների հետ: Ո՛չ Իրանը, ո՛չ էլ առավել ևս Վրաստանը հեշտությամբ չեն համաձայնվի բացել իրենց տարածքը այնպիսի զինատեսակների համար, որոնք կարող են Հայաստանին օգնել՝ Ադրբեջանի դեմ հնարավոր ռազմական բախման ժամանակ:
Մենք դա տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում: Իսկ Իրանը կարող է նաև չհամաձայնվել, որովհետև ինքը նույնատիպ զենք արտադրող է և իր կոմերցիոն ու քաղաքական շահերն ունի:Բայց մի երկրի մասին միշտ մոռանում ենք և դա Թուրքիան է: Չէ, ես չեմ ասում, որ Թուրքիան ֆրանսիական, հնդկական կամ ամերիկյան զենքը կթույլատրի անցկացնել՝ Ադրբեջանի դեմ կիրառելու նպատակով:
Բայց այ Ռուսաստանի կամ Իրանի դեմ կիրառելու համար դժվար թե դեմ լինի: Իսկ եթե ինչ-որ զինատեսակ էլ հանկարծ հայտնվում է Հայաստանում, ապա վերևում նշածս հանգամանքները մի անտեսեք»։