Կառավարությունը լուծարում է 22 մլն գրականությամբ բացառիկ գրադարանը.Ահազանգ
«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը կոչ է անում կանխել գիտատեխնիկական գրադարանի փակման գործընթացը։
Տարածված հայտարարության մեջ ասվում է. «Կառավարությունը 2024 թվականի մայիսի 2-ի նիստում, որպես չզեկուցվող հարց հաստատել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումը, որի կառուցվածքում գործում էր 60 տարվա պատմություն ունեցող հանրապետության երկրորդ մեծության գրադարանը, շուրջ 22 մլն գրականությամբ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ` Գյումրի, Վանաձոր, Կապան, Հրազդան մասնաճյուղերով: Կառավարությունը գրադարանի և գրապահոցի շենքերը որոշել է օտարել դեռևս դեկտեմբերի 28-ին:
Ցավոք, լուծարման որոշման մեջ անտեսված է այն հանգամանքը, որ ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանը գիտատեխնիկական փաստաթղթերի ավանդապահ (դեպոզիտար) միակ գրադարանն է ողջ հանրապետությունում, իրականացնում է ավելի քան 8000 ընթերցողների գրադարանային գիտատեխնիկական ծառայությունների մատուցում և սպասարկում 100-ից ավելի կազմակերպությունների:
Մեր բազում ահազանգերին պատկան մարմինները հավաստիացնում էին, որ գրադարանի և գրապահոցի համար շենք են փնտրում, իսկ փաստաթղթային ֆոնդի տեղափոխումը կիրականցվի հավուր պատշաճի և անվնաս: Սակայն հարմար շենք-շինություն չգտնելով ընտրեցին գրադարանի համար կործանարար, իսկ իրենց համար ամենահեշտ տարբերակը. այն է` լուծարման ճանապարհով ձերբազատվել գրադարանի հոգսից, համարելով այն ավելորդ բեռ:
Սակայն գրադարանային ֆոնդերի պահպանությունն ու ամբողջականությունն ամրագրված է ՀՀ և միջազգային փաստաթղթերով ու առհասարակ չի թույլատրվում պետական գրադարաններին կցված շենքերի օտարումը։
Խնդրում ենք ձեր պաշտպանության խոսքը հնչեցնեք ռազմավարական նշանակության տեղեկատվական ազգային պահոցի գոյության իրավունքի համար՝ ի նպաստ Հայաստանի պետական և ազգային շահի, տնտեսության ու գիտության զարգացմանը և գրադարանի պահպանմանը։
Այս օրհասական օրերին Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցները կարևորելով Ձեր կարծիքը և աջակցությունը, ակնկալում են հնարավորինս արագ նամակ-արձագանքի հետևյալ հասցեով` [email protected] կանխելու գրադարանը փոշիացնելու չարաբաստիկ գործընթացը»:
Հարակից հրապարակումներ`
- ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանն ահազանգում է՝ պատկան մարմիններն ընտրել են գրադարանի համար կործանարար տարբերակը
- ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանը լուծարվում է